Նախագահական նստավայրի մոտ հացադուլ հայտարարած և նստացույց անցկացնող Աշոտ Խուդոյանն այսօր կնոջ և անչափահաս երեխայի ու իր փաստաբանի հետ հանդիպում ունեցավ լրագրողների հետ, որի ժամանակ հայտնեց, որ իր գործով դատավոր Մելքոնյանը փորձել է վեճ ու կռիվ առաջացնի իր և իր փաստաբան Սեդա Սաֆարյանի միջև, ինչից հետո ինքն ու իր փաստաբանը ինքնաբացարկ են ներկայացրել Մելքոնյանին, սակայն ապարդյուն:

Հիշեցնենք, որ Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանի բողոքի հիման վրա, 2013թ. մարտի 11-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի` փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով:
Նա բողոքում է իր տան կտակի հարցի շուրջ ծագած վեճի քննության ընթացքից, մասնավորապես, քննչական մարմնի կողմից որոշ փաստեր անտեսելուց ու ոչ օբյեկտիվ քննելուց՝ հավելելով, որ անժամկետ նստացույց սկսելու որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ հասկացել են, որ դատախազ Կորյուն Ներսիսյանը ցանկանում է չընդունել կտակը կեղծելու փաստը և չի պատրաստվում գործ հարուցել Խուդոյանի եղբոր՝ Ասատուր Խուդոյանի կողմից կեղծիք կատարելու փաստի առթիվ:

Ի նշան բողոքի` դատարանի, դատախազության, կադաստրի և նոտարի գործողությունների դեմ, կարել է բերանը և հացադուլ էր հայտարարել հերթական նստացույցի ժամանակ։

Խուդոյանը պատմեց լրագրողներին, որ դեռևս մանուկ հասակում, երբ մահացել էր իր պապը, մայրը որոշում է իրեն հատուկ ուղղիչ դպրոց տեղափոխել` ազատ կյանք ունենալու համար:

«Երբ պապս մահացավ, մայրս ինձնից ազատվելու ու իր աղջկա հետ կյանքը վայելելու համար ինձ հանձնում է հատուկ ուղղիչ դպրոց` պատճառաբանելով, թե ես չարաճճի, ինքնասածի երեխա եմ: Պապիս մահից հետո կյանքս ինքնահոսի էր մատնվել»,-իր խոսքում նշեց Խուդոյանը` հավելելով, որ հարազատներն ամեն ինչ արել են իրեն անտուն ու անօթևան թողնելու համար:

Խուդոյանի իրավապաշտպան Սեդա Սաֆարյանի փոխանցմամբ` եթե անգամ իր վստահորդի հայցը բավարարվի, միևնույնն է նա իրեն պատկանող գույքը չի ստանա նորմալ վիճակում, քանի որ այնտեղ մեծ գումարներ պահանջող աշխատանք պետք է իրականացվի:
«Խուդոյանի հարազատներին այդ տունը պետք չէ եղել: Ես կարծում եմ` սա ընդհամենը պրինցիպի հարց է: Եղբորը` Ասատուր Խուդոյանին հող տալու պատճառով նրանք զրկել են Աշոտ Խուդոյանին ամեն ինչից»,- տեղեկացրեց Սաֆարյանը, ով այս գործով արդեն երրորդ փաստաբանն է:

Ավելի մանրամասն` YerevanNews.am-ի տեսանյութում: