Հրազդանի կիրճում մարզվող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու եւ առողջ ապրելակերպը խթանելու նպատակով շաբաթ-կիրակի օրերին Հրազդանի կիրճում ավտոմեքենաների երթևեկությունն արգելելու հնարավորություն է պետք ստեղծել` առաջարկելով արգելքի կիրառման հատվածը, ժամերը և եղանակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սա մենք քննարկել ենք, տեղն էլ ֆիքսված է, ուղղակի պետք է պետք է իրականացնել: Նաև պետք է որոշակի հնարավորություններ ստեղծենք, եթե դրա կարիքը կա, նույնիսկ օրենսդրական, որ թաքնված շլագբաումներից կարողանանք դնել եւ հեռակառավարել, որովհետեւ շատ դեպքերում անընդհատ վարչարարությունն իրականացնելը ոչ էֆեկտիվ է, եթե կարելի է ուղղակի այդ օրերին ճանապարհը փակել»,- ասաց Ավինյանը:

Քաղաքապետի խոսքով՝ շատ ավելի շատ էներգիա է տանելու պարեկային ծառայությունից` ֆիզիկապես էնտեղ լինելը, իսկ շաբաթ-կիրակի օրերին եթե կարողանան արգելափակոցով երթևեկությունը սահմանափակել, խնդիրը կավարտվի:

«Պարեկային ծառայության ռեսուրսներն անսահմանափակ չեն»,- ասաց նա` հանձնարարելով լուծում տալ այս խնդրին եւ նկատելով, որ շատ երկրների բազմաթիվ քաղաքներում հարցը այդկերպ լուծվում է: