2021-ի հունիսը դարձավ աշխարհի ամենատաքերից մեկը՝ 2016, 2019 եւ 2020 թվականների նույն ժամանակահատվածներից հետո 4-րդ տեղը կիսելով 2018-ի հետ: Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդվեց արբանյակային մոնիթորինգի Copernicus ծրագրի զեկույցում, անցած ամիսը միջինը 0,21 աստիճանով ավելի տաք էր, քան 1991-2020 թվականների նույն ժամանակահատվածները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2021-ի հունիսը Եվրոպայում երկրորդ ամենատաքն էր 2019-ի հունիսից հետո՝ հասնելով իր գագաթնակետին տարածաշրջանի արեւելյան մասում: Եվրոպայում անցած հունիս ամսվա միջին ջերմաստիճանը 1,5 աստիճանով ավելի տաք էր, քան 1991-2020 թվականների նույն ժամանակահատվածներում:


Անցած ամիսը Հյուսիսային Ամերիկայի որոշ շրջաններում նաեւ ջերմաստիճանի մի քանի ռեկորդ սահմանեց՝ այդպիսով դառնալով մայրցամաքի օդերեւութաբանական դիտարկումների ընթացքում ռեկորդային ամենատաք հունիսը: Արկտիկական Սիբիրի տարածաշրջանում 2021-ի հունիսը մտել է ամենաշոգ հունիսների հնգյակը՝ զբաղեցնելով 4-րդ տեղը՝ 2018, 2019 եւ 2020 թվականներից հետո: Ընդ որում, Անտարկտիդայում ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել:

Ներկայացված բոլոր արդյունքները հիմնված են համակարգչային վերլուծության վրա՝ օգտագործելով արբանյակների, նավերի, ինքնաթիռների եւ օթերեւութաբանական կայանների տարբեր չափումներն ամբողջ աշխարհում: