Հայկական երաժշտության մեջ չի կարող ամփոփված չլինել Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այս դեպքում այն լավատեսական է, ունի ուրախություն: Այս մասին այսօր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երաժշտասեր հասարակության հետ հանդիպմանը հայտարարեց System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:
«Հայկական երաժշտության մեջ կա այդ 600 տարվա Օսմանյան կայսրության ստրկության կյանքը, Ցեղասպանությունը, բայց նույնիսկ այդ պարագայում շատ ուրախություն կա: Մենք հետաքրքիր մելամաղձոտություն ունենք մեր երաժշտության մեջ: Դրա համը ուրիշ ոչ մեկը չունի»,- ասաց Սերժ Թանկյանը:

Վերջինս հավելեց, որ դուդուկի և կիթառի հնչյունները կարող են թախծոտ, բայց միաժամանակ էներգետիկ ու օպտիմիստական բնույթ ունենալ:

Հանդիպմանը ներկա երգահան Լիլիթ Պիպոյանն էլ նշեց, որ պետք չէ մելամաղձոտ լինելուց ամաչել և կոմպլեքսավորվել:

«Մենք, ինչքան թախծոտ երգեր ունենք, այնքան էլ ուրախ երգեր ունենք: Պարզապես, մենք սիրում ենք լուրջ թվալու համար՝ տխուր լինել»,- իր խոսքում նշեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

Խոսելով հայկական երաժշտությունից` կոմպոզիտորը նշեց, որ Կոմիտասին հետևելով միայն մարդը կարող է հայ երաժիշտ մնալ, քանի որ նա կարողացել է իր երաժշտության մեջ ներառել բոլոր հնչյունները, բայց մնալ զտարյուն հայեցի և հայ մշակույթին կպած:

Հանդիպմանը ներկա «Վիտամին ակումբի» Գարիկը նշեց, որ համաձայն չէ երաժիշտների այն մտքի հետ, թե կարող է լինել մի ինստիտուտ, որտեղ կլինեն երաժշտության բոլոր տեսակները:

«Ես կարծում եմ, որ երաժշտության կոնկրետ տեսակ դաստիարակում է մարդու կոնկրետ տեսակ: Երբ որ իմ դիմացը ավտոմեքենա է կտրում, երբևէ չի եղել, որ այնտեղից հնչի ռոք կամ ջազ: Պարոն Թանկյան, ձեր համերգին այնպիսի մասսա էր եկել, որը ես նույնիսկ չգիտեի, որ կա: Ես համոզված եմ, որ եթե այդ տարածքում լիներ 60 հազար մարդ եւ հնչեր՝ չասեմ, թե ինչ երաժշտություն, ամեն իրար կպնելուց՝ դանակահարությամբ կավարտվեր: Իսկ ձեր համերգին ամեն իրար կպնելուց, մարդիկ փաթաթվում էին»,- ասաց Գարիկը՝ խնդրելով պատասխանել իր հարցին, թե ու՞մից է կախված, որ նրանց երաժշտությունն ավելի շատ լինի:

Պատասխանելով հարցին, Տիգրան Համասյանն ասաց. «Մեզ անհրաժեշտ է երաժշտական ցենզուրա, որպեսզի հեռուստատեսությունները «աղբով» չլցվեն»,- ասաց Համասյանը:

Տիգրան Մանսուրյանն էլ ի պատասխան ասաց. «Այն ռաբիսը, որը հնչում է մեր շուրջը, դա մեր կյանքն է, ուրեմն՝ ոչ թե արգելելն է խնդիրը, այլ մեր կյանքը բարելավելը, որ երիտասարդները գնան արտասահման, սովորեն, զարգանան և այլևս չսիրեն այդ երաժշտությունը»: