Հատուկ քննչական ծառայությունը ոչ թե ուզում է քննել, այլ՝ հովանավորել, կոծկել ուժային համակարգի աշխատողների կողմից կատարված հանցագործությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, «Հատուկ քննչական ծառայության գործունեության գնահատականը» թեմայով քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը և գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: 

ՀՔԾ-ն պետք է կատարեր պաշտոնատար անձանց կողմից հանցագործությունների գործի քննությունը: Ասուլիսի ընթացքում խոսվեց ՀՀ քաղաքացիներ Ալեքսանդր Ցվերյանովի և Անի Բոշյանի քրեական գործերի մասին:

Նշենք, որ Ալեքսանդր Ցվերյանովի նկատմամբ 16 դրվագով գողության մեղադրանք էր առաջադրվել, սակայն դատարանը նրան արդարացրել էր՝ անմեղ ճանաչելով, ինչպես նշեց ասուլիսի բանախոս, իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Դուրս է գալիս, որ Ցվերյանովն ինքն է գնացել, բարեխղճորեն խոստովանել այդ հանցագործությունների կատարման մեջ, և ոստիկանությունը հիմք է ընդունել: Իսկ ոստիկանության գործողությունները, որոնց ճնշման տակ Ցվերյանովը այդ ցուցմունքները տվել է, ՀՔԾ-ն գտել է, որ հանցակազմ չկա»,- ասաց Արթուր Սաքունցը:

Իսկ 16 դրվագով արդարացված անձին նկատմամբ քրեական հետապնդում իրականացված մարմնի նկատմամբ քրեական գործություններում հանցակազմ չգտնելը, ըստ Արթուր Սաքունցի, ընդհանրապես տրամաբանությունից դուրս են: