Բանասիրական գիտությունների դոցենտ, ԵՊՀ դասախոս Նարինե Ներսիսյանը կարծում է, որ մեր կրթությունը վտանգված է: Պատճառներից մեկը, ըստ նրա, ռեֆերատների, կուրսային աշխատանքների, մագիստրոսական թեզերի վաճառքն է: «Խնդրի տարածվածության ու հրատապության մասին բոլորս գիտենք. չէ՞ որ ամեն քայլափոխի տեսնում ենք, որ այդպիսի աշխատանքներ են վաճառվում: Այսօր կարծես տգիտության, մտաբոբիկության ուրվականն է շրջում մեզանում: Իսկ դա վտանգավոր է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Ն. Ներսիսյանը:
Ըստ բանախոսի՝ վերջին երկու տարում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում որոշակի աշխատանքներ տարվում են, որ ուսանողները որպես իրենցը չներկայացնեն գնված աշխատանքները: Մասնավորապես, ավարտական աշխատանքներ գրող ուսանողներին պարբերաբար հրավիրում են ներկայացնելու տվյալ ժամանակահատվածում իրենց կատարած աշխատանքը. «Եթե մենք զգում ենք, որ ինչ-որ բան այն չէ, աշխատանքն ուրիշի կողմից է գրվում, և նա չի կարող աշխատանքը ներկայացնել, մենք այդպիսի ուսանողների հետ շատ խիստ ենք վարվում, անգամ թույլ չենք տալիս պաշտպանության»,- հավատացնում է ԵՊՀ դասախոսը:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Սամվել Մելքոնյանն ասում է, որ այս թեմայով լրագրողական նյութ է տպագրել տպագիր մամուլում: Իսկ մինչ այդ, լրագրողական փոքրիկ հետաքննություն է անցկացրել. «Համալսարան տանող ճանապարհին երիտասարդներ են շրջում, որոնք իրենց ծառայություններն են առաջարկում ու իրենց հեռախոսահամարները բաժանում…
Հեռախոսազանգին պատասխանեց երիտասարդ աղջիկ՝ ասելով, որ երկար ժամանակ է՝ դա իրենց ընտանեկան բիզնեսն է: Այսինքն՝ գիտության վաճառքը ոմանց համար դարձել է նաև բիզնես: Ասաց, որ ինքն է գրում աշխատանքները, և որ դասախոսների հետ էլ են համագործակցում: Այսինքն՝ գիտությունը «շարքից հանելուն» միտված քայլերին շատ հաճախ նպաստում են նաև գիտության բնագավառի մարդիկ՝ դասախոսները: