Այսօր ծննդյան շնորհավորանքներ է ստանում ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, ռեժիսոր, «Օսկար»-ի և ԱՄՆ-ի կինոդերասանների Գիլդիայի երկու մրցանակների արժանացած, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան ԱՆջելինա Ջոլին:

Ջոլին սկսել է աշխատել որպես մոդել նորաձևության ցուցադրությունների ժամանակ դեռ 14 տարեկան հասակից, ինչպես նաև նկարահանվել մի քանի տեսահոլովակներում:

Պաշտոնապես նրա առաջին դերը համարվում է 1993թ. «Կիբորգ 2» ֆիլմում մարմնավորած Կազելա անունով կերպարը: Սակայն Ջոլիի համար ավելի մեծ կարևորություն ունեցավ «Հաքերները» ֆիլմը, որը հատկապես բարձր գնահատվեց կինոքննադատների կողմից:

Անջելինայի համար ճակատագրական դարձավ 1999թ., երբ նկարահանվեց Ջեյմս Մենգոլդի «Ընդհատված կյանք» ֆիլմը, որը բոլոր նախնական կանխատեսումների համաձայն, պետք է դառնար Վայնոնա Ռայդերի հաղթական վերադարձը կինոաշխարհ: Սակայն հաղթանակի դափնիները բաժին հասան Ջոլիին, ով ֆիլմում մարմնավորած ըմբոստ Լիզա Ռոուի մարմնավորած կերպարի համար ստացավ իր երրորդ «Ոսկե գլոբուսը», Գիլդիայի մրցանակը և, վերջապես, «Օսկար» երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար:

2001թ. Ջոլին նկարահանվեց Լառա Քրոֆթի մասին պատմող ֆիլմաշարի առաջին մասում, որը համաշխարհային վարձույթում հավաքեց 270 միլիոն դոլար, ինչը երկրոդ մասին չհաջողվեց անել:

Սակայն այս անհաջողությունը միայն հարթակ ստեղծեց այնպիսի դերի համար, որը ճակատագրական դարձավ Ջոլիի ոչ միայն կարիերայի, այլև՝ անձնական կյանքի համար: Խոսքը «Միսթր և Միսիս Սմիթներ» ֆիլմի մասին է , որում գլխավոր կերպարները մարմնավորում էին Ջոլին և Բրեդ Փիթը, ով էլ արդյունքում դարձավ Ջոլի ամուսինը և նրա երեխաների հայրը:

Այսօր Ջոլին ամուսնու հետ միասին դաստիարակում է իր 6 երեխաներին, ինչպես հարազատ, այնպես էլ որդեգրված: