Նշանավոր ռուս պոետ Ալեքսանդր Սերգեևիչ Պուշկինը հանդիսանում է ժամանակակից ռուսական գրական լեզվի հիմնադիրը: Նա ունի հսկայական և հարուստ գրական ժառանգություն, իսկ ստեղծագործությունները միավորում են տարբեր տարիքի, հավատքի, ազգության մարդկանց աշխարհի տարբեր երկրներում:

Պուշկինը ծնվել է 1799թ. Մոսկվայում աղքատ ազնվականի ընտանիքում, ով նախկին խոշոր կալվածատիրոջ ժառանգ էր: Դեռ վաղ հասակից Պուշկինը դաստիարակվել է գրական միջավայրում: Նրա հայրը բարձր էր գնահատում գրականությունը, ուներ սեփական մեծ գրադարան, իսկ հորեղբայրը պոետ էր: Պուշկինների ընտանիքի սպասված և սիրված հյուրերից էին Ժուկովսկին, Կարամզինը, Դմիտրիևը:

Բանասիրության մեջ, ինչպես արդեն նշեցինք, Պուշկինը դիտվում է որպես ժամանակակից ռուս գրական լեզվի հիմնադիր, իսկ «Համառոտ գրականագիտական հանրագիտարանը» խոսում է նրա ստեղծագործությունների` չափանիշ լինելու մասին, ինչպես Դանթեի ստեղծագործությունները` Իտալիայում, կամ Գյոթեն` Գերմանիայում։ 

Դեռևս կենդանության օրոք բանաստեղծին կոչել են հանճար, այդ թվում և` տպագիր հայտարարություններում։ 1820-ական թվականների կեսերից նա սկսեց համարվել «առաջին ռուս բանաստեղծ»՝ ոչ միայն ժամանակակիցների շրջանում, այլև` բոլոր ժամանակների ռուս բանաստեղծների: