Ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: Կատարվում է հետաքննություն:

«Նեպոսեդի» մանկական ստուդիայի գեղարվեստական ղեկավար Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից:

Նշվում է, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանում: 14-ամյա Կիրիլ Փինջոյանն ընկել է երրորդ հարկի պատուհանից։

Նախնական տվյալների համաձայն` դեռահասը փորձել է սելֆի անել պատուհանագոգին, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունն ու ընկել է։ Տանն այդ պահին եղել է միայն տատը, բայց նա չի տեսել՝ ինչով է զբաղված թոռը։ Կիրիլի մարմինը հայտնաբերել են տան մոտ։ Հետաքննություն է ընթանում։

Կիրիլն ակտիվ մասնակցություն է ունեցել «Նեպոսեդի» ստուդիայի կազմում և հայտնի մանկական համույթի համերգների հաղորդավարներից մեկն էր եղել։ Բացի այդ, նա հաղորդումներ է վարել տարբեր հեռուստաալիքներով և նկարահանվել կինոյում։

3 օր առաջ տղայի ծննդյան օրն էր։

«Կիրյուշենկա․․․ Կիրիլ․․․ Կիրիլ Ալեքսանդրովիչ․․․ Դու ինձ մոտ եկար 14 տարի առաջ։ Շնորհակալ եմ։ Սիրված եղի՛ր։ Երջանիկ եղի՛ր։ Առողջ եղի՛ր։ Հաջողակ եղի՛ր։ Իսկ ես միշտ կողքիդ եմ։ Հավատում եմ ուժերիդ։ Ու անսահման սիրում», — նման շնորհավորանք էր հրապարակել Փինջոյանն Instagram-ի իր էջում։