Արաբական չորս երկրների եւ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են համագործակցել եւ մասնակցել Գազայի հատվածի վերականգնման պլանավորմանը եւ անկլավի կառավարմանը Իսրայելի եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ հակամարտության ավարտից հետո։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը շրջագայություն է կատարել Մերձավոր Արեւելքի երկրներում, տեղեկացրել է Associated Press գործակալությունը։

Բլինքենն ասել է, որ Սաուդյան Արաբիան, Հորդանանը, Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները եը Թուրքիան կդիտարկեն Գազայի ապագայի պլանավորմանը մասնակցելու հնարավորությունը։ «Երկրների ղեկավարները համաձայնել են համագործակցել եւ համակարգել մեր ջանքերը, որպեսզի օգնեն Գազային կայունանալ եւ վերականգնվել, նախանշել քաղաքական ուղին պաղեստինցիների համար եւ աշխատել երկարաժամկետ խաղաղության, անվտանգության եւ կայունության ուղղությամբ՝ տարածաշրջանում առհասարակ»,- ասել է Բլինքենը։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրների ղեկավարները «պատրաստ են անհրաժեշտ պարտավորություններ ստանձնել, դժվար որոշումներ կայացնել նպատակների իրականացման եւ տարածաշրջանում իրենց տեսլականն առաջ մղելու համար»։ «Ամենուրեք, որտեղ ես այցելեցի, հանդիպեցի ղեկավարների հետ, որոնք վճռական են տրամադրված հակամարտության տարածումը կանխելու հարցում, եւ անում են հնարավոր ամեն բան թեժացումը զսպելու եւ հակամարտության տարածումը կանխելու համար»,- ավելացրել է ԱՄՆ պետքարտուղարը։