«Արցախի սահմանին ադրբեջանական կողմից աննախադեպ սադրանք է տեղի ունեցել, որը հանգեցրել է նաև իրավիճակի լարման: Անմիտ են ադրբեջանական կողմի այն հերյուրանքները, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ և իրենց պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան: Այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»,- իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և հավելում.

«Ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը: Անձնակազմի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ կհայտնենք»:

Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՄԻ-24 ուղղաթիռը: