Մինչ կսկսվի Շանթ Հարությունյանի և նրա ընկերների դատական նիստը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև ընթանում է բողոքի ակցիա, որին մասնակցում են ամբաստանյալների հարազատները և մի շարք հասարակական գործիչներ: 

Հավաքվածները պահանջում են ազատ արձակել «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի գործով քաղբանտարկյալներին, ինչպես նաև ազատամարտիկ Վոլոդյա Աթանեսյանին: 

Ներկաների զայրույթն է առաջացրել այն, որ անչափահաս Շահեն Հարությունյանի համար մեղադրողը առաջարկել է 5 տարվա ազատազրկում միայն այն բանի համար, որ նա ցանկացել է պաշտպանել հորը: Ակցիայի մասնակից ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը հայտարարեց.

«Իսկ մեղադրողը առաջարկում է նրան դատապարտել 5 տարվա ազատազրկման: Դրան հակառակ՝ Լիսկայի դեպքերը որակվեցին որպես ինքնապաշտպանություն ու հայտարարեցին, թե այդ ամբողջ ընթացքում նա քնած է եղել ու չի մասնակցել, սակայն տեսագրությունները հակառակն են ապացուցել: Այս իշխանությունները բազմիցս երկակի ստանդարտներ են կիրառում տարբեր առիթներով: Արդյոք նման իշխանությունները իրավունք ունե՞ն ներկայացնել հայ ժողովրդին միջազգային տարբեր ատյաններում»: