Այդ թվականաներին էլ ՀՀԿ-ը եղել է պետական կառավարման համակարգի հիմնասյուներից մեկը: 1998թ-ի Հայաստանի նախագահական ընտրություններից հետո իշխանության կոնֆիգուրացիան՝ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, երեքից երկուսը հանրապետականամետ կամ հետո հանրապետական դարձած մարդիկ էին: Այսպես մեկնաբանեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, միևնույն ժամանակ նշելով, որ կարիք չկա 1998-2008-ի ժամանակահատվածի վերլուծություններին կամ գնահատականներին նման սուր ձևով արձագանքել:

Այնուհետև նախարարն անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին շրջանառվող լուրերին, ասաց.
«Կյանքը ցույց է տալիս, որ քաղաքական գործիչները տնտեսությունից խոսում են այն ժամանակ երբ քաղաքական խնդիրներ են ուզում լուծել»:

Արմեն Աշոտյանը նշեց, որ իր համար հաճելի է որ ՀՀ երկորդ նախագահը հիշատակել է նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը, բայց չգիտի, թե որքանով էր այն անկեղծ:

«Ինձ որպես Անդրանիկ Մարգարյանի օրոք կուսակցության մտած մարդու համար հաճելի է, երբ որ երկրի նախկին նախագահը հիշատակում է Անդրանիկ Մարգարյանին, բայց չգիտեմ որքանով է անկեղծ, բայց ե՞րբ է նա վերջին անգամ այցելել պանթեոն, չգիտեմ, գուցե սխալ եմ»,-ասաց Արմեն Աշոտյանը հավելելով, որ կարիք չկա սեփական ցավը դարձնել ուրիշի հիվանդություն: