Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության անդամ, պատգամավոր Հուրշիթ Գյունեշը հայց է ներկայացրել Թուրքիայի ներկայիս վարչապետ, իշխող կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ։ Հայցը թուրք պատգամավորը ներկայացրել է անհավանական հիմունքով՝ հայերի նկատմամբ թշնամանք ու ատելություն հրահրելու, հայ ժողովրդին ստորացնելու մեղադրանքով։

Ինչպես փոխանցում է թուրքական Zaman պարբերականը՝ պատգամավորը նշել է, թե հայ ժողովրդին վիրավորելու համար դատական հայց է ներկայացրել վարչապետ Էրդողանի դեմ: Հուրշիթ Գյունեշը անթույլատրելի է համարել վարչապետի խոսքերը. կարծես հայ լինելը հանցանք է։ Մասնավորապես թուրք պատգամավորը նշել է. 

«Վարչապետը հանցանք է գործել՝ ստորացնելով հայ հասարակությանը։ Դա թշնամական պահվածք է և Թուրքիայի քրեական օրենսգրքով հանցանք է համարվում։ Նրա ասած արտահայտությունը տեղավորվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի հատկանիշներին՝ ազգային հողի վրա հանցանքներ»:

Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վիրավորական հայտարարություն է արել հայերի հասցեին՝ թուրքական «Star TV» և «NTV» հեռուստաընկերությունների համատեղ եթերում, որը մեծ արձագանք է գտել թուրքական մամուլում:

Իսկ Ստամբուլահայ հայտնի լրագրողներից Հայկո Բաղդատը պահանջել է Էրդողանից ներողություն խնդրել նման խոսքերի համար: