Արդեն հայտնի է, որ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում սրճարան են կառուցելու:
YerevanNews.am-ը կապ հաստատեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հետ, պարզելու համար, թե ինչպես որոշվեց պատմամշակութային արգելոց-թանգարան համարվող տարածքում բացօթյա սրճարան կառուցել:
«Համաձայն ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին օրենքի 16-րդ հոդվածի, հուշարձանի պահպանաման գոտում թույլատրվում է նման աշխատանքների իրականացնում: Մեր հանրապետության որևէ արգելոցում կամ արգելոց-թանգարանում գործող բացօթյա սրճարան չկա, հիմա մենք նախատեսել ենք պիլոտային ծրագրի տարբերակով այն առաջինը փորձենք Գառնիում, իսկ եթե դա օրենքով չի արգելվում, ապա ինչու չանենք»,-իր խոսքում նշեց Վլադիմիր Պողոսյանը:
Վերջինս հայտնեց, որ նման սրճարան տեղադրելու համար թույլտվությունը տալիս է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որը դեռևս 2009թ սեպտեմբերի 9-ի որոշումով թույլատրել է՝ Գառնիի հեթանոսական տաճարի տարածքում տեղադրել սեզոնային բացօթյա սրճարան:
Վլադիմիր Պողոսյանը տեղեկացրեց, որ այս պահին հեթանոսական տաճարում ոչ թե սրճարանի կառուցման աշխատանքներ են իրականացվում, այլ տաճարի բարեկարգման, իսկ այդ աշխատանքների ավարտից հետո, նոր կսկսվեն սրճարանի տեղադրման աշխատանքները:
«Սրճարանը ոչ թե կառուցելու ենք, այլ տեղադրելու ենք: Այն լինելու է մետաղական ամրակներով և եթե մենք տեսնենք, որ դա չի արդարացնում, բնականաբար, սրճարանի աշխատանքները կդադարեցվեն»,-ասաց Վ. Պողոսյանը:
Հարցին, թե սրճարանի շահագործման արդյունքում ստացված եկամուտները որտե՞ղ են ուղղվելու, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց.
«Սրճարանի շահագործումը որևէ մեկին չի հանձնվելու, ՊՈԱԿ-ը ինքն է կազմակերպելու շահագործումը և այն եկամուտը, որը կստանանք, միայն պետք է գնա Գառնիի հուշարձանի վրա իրականացվող աշխատանքների վրա»:
ՊՈԱԿ-ի տնօրենը հավաստիացրեց, որ հեթանոսական տաճարի տարածքը նախատեսել են բարեկարգել, իսկ սրճարանից ստացված եկամուտն էլ կտրամադրվի բարեկարգման աշխատանքներին:
Մեր այն հարցին, թե ինչպես է իրականցվելու սրճարանի աշխատանքները, որպեսզի արդյուքնում պատմամշակութային արգելոց-թանգարանը չվնասվի, Վլադիմիր Պողոսյանը պատասխանեց. «Շատ ակուրատնի պետք է լինի ամեն ինչ: Այնտեղ այցելուն կարող է մի բաժակ հյութ խմել Գառնիի գաթայով և մուրաբայով: Գիտամեթոդական խորհրդի որոշումով հստակ ֆիքսված է, որ սրճարանը իր ծավալով չպետք է ակտիվ լինի, սահմանվել է խոհանոցի ուտեստների տեսականի, այնտեղ չպետք է պատրաստվեն տաք ուտեստներ, խորտիկներ՝ խաշ, խորոված, քյաբաբ, այլ պետք է միայն մատուցվեն բուտերբրոտներ և զովացուցիչ խմիչքներ»:
ՊՈԱԿ-ի տնօրենը վստահեցնում է, որ տարածքում լինելու է խիստ վերահսկողություն և տարածքի անվտանգության հարցն ապահովված է:
«Լրատվամիջոցների մոտ նման մի կարծիք կա, որ ահա մեկն էլ Գառնիի տաճարում է սկսում բիզնես անել, ոչ, չկա այդպիսի բան: Այդ սրճարանը որևէ մեկին չի հանձնվում, և ամեն ինչ կատարվում է օրենքին համապատասխան: Գումարները պետական են լինելու և պետությունը պետք է այդ գումարները օգտագործի համապատասխան նպատակների համար»,-ասաց Վ. Պողոսյանը:
Վերջինս վստահեցնում է, որ սրճարանի գները շատ մատչելի են լինելու, իսկ այն նախատեսվում է բացել մայիսի 1-ից:
Իսկ այն խոսակցությունները, թե բնապահպանները պատրաստվում են հերթական ակցիան իրականացնել, որպեսզի շինարարությունը չսկսկվի, Վլադիմիր Պողոսյանը մեկնաբանում է հետևյալ կերպ.
«Սա «Փակ շուկա» չի, որ չկա թույլտվությունը, ամեն ինչ օրենքով ենք անում: Եթե իրենք են որոշում քաղաքական և մշակութային հարցերը, թող ասեն, իրենց հարցնենք»: