Այս ամսվա սկզբից Հայաստանում ակնհայտորեն նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճ: Այս առնչությամբ հնչում են տարբեր կարծիքներ. փորձագետների մեծ մասը այս երևույթը կապում են հայկական դրամի փոխարժեքի տատանումների հետ, որն էլ իր հերթին կապված է ռուսական ռուբլու աննախադեպ անկմամբ:

Հատկապես նկատելիորեն բարձրացել է կաթնամթերքի, մսի և հացաբուլկեղենի գները: Բնակչության համար այս ապրանքները հանդիսանում են ամենօրյա օգտագործման համար անհրաժեշտ և հետևաբար թանկացումները առաջացրել են դժգոհությունների ալիք: Կառավարության անդամները և այլ պաշտոնատար անձինք շարունակում են պնդել, որ այս թանկացումները պայմանավորված են ոչ թե փոխարժեքի տատանումներով, այլ հանդիսանում են «սովորական» ամանորյա իրարանցման արդյունք:

Անդադար պնդումները, թե անհրաժեշտ է ունենալ սեփական արտադրություն, զարգացած գործարար միջավայր և «հարուստ» ձեռներեցներ այս դեպքում դառնում են կասկածելի:

Իհարկե այս ամենը ցանկանում են բոլորը, բայց չափազանց տխուր է, երբ տեղական արտադրողները փորձում են գերշահույթ ապահովել սեփական ժողովրդի հաշվին:
Հետաքրքիր է, թե մեր «հայկական» կովերի կերած խոտը ի՞նչ կապ ունի ռուսական ռուբլու անկման հետ: Կաթնամթերք արտադրող հայկական ընկերությունները, մեղմ ասած, գործում են անարդար այս դժվարին օրերին բարձրացնելով իրենց արդատրանքի գները և ժողովրդին ստիպելով բռնել արտագաղթի ճանապարհը: 

Պարզաբանումներ ստանալու ցանկությամբ YerevanNews.am-ը դիմեց «Աշտարակ-Կաթ» և «Մարիաննա» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններ: «Մարիաննա»-ից մենք այդպես էլ չստացանք խոստացված պատասխանը, ինչը վկայում է ընկերության սեփական հաճախորդների նկատմամբ ունեցած անտարբեր վերաբերմունքի մասին: «Աշտարակ-Կաթ»-ից մեզ պատասխանեցին հետևյալ հաղորդագրությամբ.

«Այս թանկացումը պարտադրված քայլ էր, քանի որ արդեն մի քանի տարի է ինչ մթերվող կաթի, կարագի, փաթեթավորող նյութերի գները երկու անգամ թանկացել են: Թանկացել է նաև էլեկտրաէներգիան, գազը, վառելիքը: «Աշտարակ-Կաթ» ընկերությունը մշտապես զսպել է կաթնամթերքի գնաճը իր ռեսուրսների, որի սպառումից հետո՝ վարկերի և պարտքերի հաշվին: Սակայն այդ միջոցներն անսպառ չեն, իսկ վնասները շարունակվում են կուտակվել: Գնային 5-10 տոկոսանոց բարձրացման նպատակը շարունակվող վնասների մի մասի փոխհատուցումն է»: 

Պատասխանի հաջորդ մասն ավելի հետաքրքիր է. ընկերությունը շեշտում է, որ իրենք՝ գիտակցելով կաթի կարևորությունը չեն բարձրացրել դրա գինը, իսկ քանի որ տնային տնտեսուհիները ցանկության դեպքում կարող են տնային պայնաններում կաթից պատրաստել կաթնամթերքի մնացած տեսակները, ապա դրանք գները բարձրացվել են:

Փաստորեն հայ կանայք պետք է սկսեն սովորել մածուն մերել և թթվասեր պատրաստել: Պատկերացնելն անգամ զավեշտալի է: 

Իսկ կապված փոխարժեքի տատանման հետ ընկերությունը պարզաբանում է. «Ինչ վերաբերում է դոլար-դրամ փոխարժեքին, ապա այն, իհարկե, ազդում է գնագոյացման վրա, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ընկերությունը որոշակի հումք-նյութեր, փաթեթավորող նյութեր ներկրում է արտերկրից և դրանց դիմաց վճարում է արտարժույթով: Բացի այդ, տարիների ընթացքում ընկերության կուտակած վարկերը դոլարային են, իսկ դրանց դիմաց վճարվող տոկոսները դրամի արժեզրկման պարագայում փաստորեն թանկանում են: Սակայն գնային փոփոխության պատճառները, ինչպես վերը նշվեց, ավելի խորքային են և ուղղակիորեն կախված չեն վերջին օրերին արտարժույթի փոխարժեքի բարձրացումից»:

Եթե մի քիչ լարենք մեր հիշողությունը, ոչ այնքան վաղ անցյալում՝ 2013թ.-ին, թթվասերը արժեր 380-400 դրամ: Նախորդ ամանորից հետո գինը դարձավ 450 դրամ: Եվ այսպես շարունակվելով 2014թ-ի ամանորի նախօրեին թթվասերի գինը կազմում է 550 դրամ: Ստացվում է նախորդ տարվա համեմատ թթվասերի գինը բարձրացել է ավելի քան 30 տոկոսով: