Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի եզդի բնակչության և կրոնական մյուս փոքրամասնությունների օրհասական վիճակի կապակցությամբ: Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է.

«Տարածաշրջանի բնակչությունը, փաստորեն, կանգնած է հումանիտար աղետի շեմին: Իրեն «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» (ISIS) հորջորջող ահաբեկչական կազմակերպությունն անցել է եզդի բնակչության զանգվածային տեղահանության և բնաջնջման: Հարյուր հազարավոր իրաքցիներ, որոնց մեծ մասը՝ կրոնական փոքրամասնություններ, լքել են Շանգալ մարզի հարավային հատվածում գտնվող իրենց բնակավայրերը: Իսկ շուրջ 70.000-ը բարձրացել են Շանգալի լեռները, որտեղ այժմ տառապում են ջրի և սննդի պակասից: Արդեն հարյուրավոր մարդիկ, այդ թվում կանայք և երեխաներ մահացել են: Օրերս հայտնի դարձավ, որ շուրջ 500 եզդի կանանց իսլամիստները առևանգել են և տարել անհայտ ուղղությամբ:

Այս իրավիճակը հղի է ընդլայնման և էլ ավելի վատթարացման վտանգով, այն լրջագույն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի ներառյալ Հարավային Կովկասի համար:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում Հյուսիսային Իրաքի խաղաղ բնակչությանը և չենք կարող անտարբեր դիտել, թե ինչ են անում ահաբեկիչները նրանց հետ: Կոչ ենք անում Հայաստանի քաղաքայան և քաղաքացիական կառույցներին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնել Հյուսիսային Իրաքի կրոնական փոքրամասնությունների բնաջնջման դեմ: Հայաստանի Հանրապետությանը, որի քաղաքացիներ են տասնյակ հազարավոր եզդիներ, պարտավոր է իր հստակ պաշտոնական դիրքորոշումն արտահայտել նշված ահաբեկչական գործողությունների նկատմամբ:

Ակնկալում ենք, որ Եվրամիությունը, ԵՄ անդամ երկրներն ու Արևելյան գործընկերության երկրները, բոլոր հնարավոր եղանակներով անհապաղ մարդասիրական օգնություն կցուցաբերեն Հյուսիսային Իրաքի բնակչությանը: Կոչ ենք անում ՄԱԿ-ին՝ անհրաժեշտության դեպքում խաղաղապահ գործողություններ նախաձեռնել Շանգալի տարածաշրջանում՝ տեղի բնակչությանը հումանիտար աղետից փրկելու նպատակով»: