Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2015 թվականի հունվարի 1-ից 31-ն ունեցել են 12 զոհ և 6 վիրավոր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հայկական զինված ուժերն ունեցել է 4 կորուստ:

Ռազմինֆոն հայկական բանակի կորուստները խմբավորել է ըստ երկու չափանիշների` «մարտական» և «ոչ մարտական»:

Որպես մարտական հաշվել ենք հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների պատճառով կորուստները։
Ոչ մարտական կորուստները պայմանականորեն բաժանվել են մի քանի ենթաբաժինների՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ճանապարհատրանսպորտային պատահարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ, այլ պատահարներ)։

Կորուստներ

Հունվար ամսվա 12 կորուստներից 10-ը մարտական են, 2-ը ոչ մարտական։ 10 մարտական կորուստներից 4-ը գրանցվել է Տավուշի մարզում, իսկ 6-ը՝ Պաշտպանության բանակում։

Մարտական կորուստ

-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ՊԲ սահմանային դիրքերի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական երկու գործողություն: Հակառակորդին դիմակայելու ընթացքում զոհվել են զինծառայողներ Կարեն Սամվելի Գրիգորյանը և Վարդան Մարտիկի Մկրտչյանը:

-Հունվարի 17-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոն է տարվել Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի բնակիչ, 1994թ. ծնված պայմանագրային զինծառայող Արման Ալիկի Հարությունյանի մարմինը:

-Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր նույն գյուղի խաղաղ բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանը:

-Հունվարի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման պատճառով ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զոհվել էր զինծառայող, 1995թ ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:

-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը։

-Հունվարի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում զոհվել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված կրտսեր սերժանտ Արման Ռաշիդի Ուդումյանը: Զինծառայողը զոհվել է դիպուկահարի կրակոցից։ Այս մասին Ռազմինֆոյին ասել էր պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

-Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Սկսվել է մարտ, որը տևել է շուրջ կես ժամ։ Մարտական գործողությունների ընթացքում զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:

Ոչ մարտական կորուստներ

-Հունվարի 29-ին Երևանում տեղակայված զորամասերից մեկի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: 

-Հունվարի 17-ի երեկոյան Քարվաճառի տարածքում ավտովթար է եղել, ինչի հետևանքով մահացել է տեղի զորամասերից մեկի սպա Արթուր Վարդևանյանը։
Վիրավորներ

Հունվարի 1-ից 31-ը պաշտոնապես հայտարարվել է 6 վիրավորի մասին։

-Հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս իրավորվել է զինծառայող Վոլոդյա Գագիկի Հարությունյանը։

-Հունվարի 12-ին ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:

-Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, որի ժամանակ վիրավորվել է 1973թ ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Ամբողջական հոդվածը ՝ այստեղ