10 Աննա Լինդ
Լինելով փորձառու քաղաքական գործիչ՝ Լինդը աչքի է ընկնում եվրոպական բնապահպանական կանոնադրությունների մշակման ասպարեզում կատարած աշխատանքով: Նա արտգործնախարար նշանակվեց 1998 թ.-ին: Հետագայում նա դարձավ Շվեդիայի առաջին կին-վարչապետը: 2003 թ.-ի սեպտեմբերի 10-ին Լինդը գնաց Ստոքհոլմի խանութներից մեկը՝ այդ երեկո կայանալիք հեռուստատեսային բանավեճի համար համապատասխան զգեստ գնելու: Խանութում շրջելիս նրան մոտեցավ Միխայիլո Միխայիլովի անունով մի շվեդ տղամարդ: Նա մի քանի անգամ դանակով հարվածեց կնոջ բազուկներին, կրծքավանդակին և որովայնին, ինչից հետո վար գցեց դանակը և փախուստի դիմեց: Լինդը ժամերով կենաց-մահու կռիվ էր տալիս: Սեպտեմբերի 11-ին նա մահացավ հիվանդանոցում:
Լինդին չէր ուղեկցում ոչ մի թիկնապահ: Այս պատճառով էլ մարդիկ սկսեցին համեմատություններ անցկացնել Լինդի սպանության և Շվեդիայի վարչապետ Օլոֆ Փալմի սպանության միջև, որը տեղի էր ունեցել 1986 թ.-ին: Սա Շվեդիայի կառավարությանը դրդեց վերանայել իր անվտանգության ռազմավարությունները: Լինդի մարդասպանը մի քանի օր անց ձերբակալվեց: Պարզվեց, որ նա արդեն վաղուց տառապում է հոգեկան խանգարումից: Նա խնդրել էր, որ իր փաստաբանը Թոմ Քրուզը լինի: Մարդասպանը պատճառաբանել էր, որ լսել էր ձայներ, որոնք իրեն հրամայել էին հարձակվել կնոջ վրա: Հետագայում նա փոխեց իր ցուցմունքը և նշեց, որ սպանել էր Լինդին, քանի որ ատում էր բոլոր քաղաքական գործիչներին: Նա ավելացրեց, որ սկզբում այլ ցուցմունք էր տվել անմեղսունակ ճանաչվելու համար:
9 Էրիկ Օհենա Լեմբեմբ
Կամերունը այնքան էլ հարմար վայր չէ նույնասեռական, առավել ևս՝ նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվստ լինելու համար: Երկրի ներկայիս օրենքներով նույնասեռականությունը պատժվում է մինչև հինգ տարի ազատազրկմամբ: Նույնասեռականների հալածանքները սովորական երևույթ են համարվում այնտեղ: 2012 թ.-ին մի տղամարդ 36 ամիս ազատազրկման է դատապարտվել սոսկ այն պատճառով, որ մի այլ տղամարդու հաղորդագրություն է ուղարկել հետևյալ տեքսով. «Ես սիրում եմ քեզ»:
Այնուամենայնիվ, Էրիկ Օհենա Լեմբեմբը պատրաստ էր պաշտպանել նույնասեռականների իրավունքները: Կամերունի՝ նույնասեռականների իրավունքների ամենակարկառուն պաշտպանը՝ Լեմբեմբը, միաժամանակ նաև լրագրող և ՁԻԱՀ-ի դեմ Կամերունի բարեգործական ասոցիացիայի նախագահն էր: 2013 թ.-ին նա բլոգային գրառում հրապարակեց, որում պատմում էր գեյերի և լեսբուհիների վրա կատարված հարձակումների մասին և նշում, որ կառավարությունը հաճախ խուսափում էր քրեական պատասխանատվության ենթարկել հանցագործներին: Մի շաբաթ էլ չէր անցել, երբ նա սպանվեց:
Նրա դիակը հայտնաբերեցին նրա ընկերները, ովքեր անհանգստացել էին, քանի որ չէին կարողացել հեռախոսով և համացանցով կապ հաստատել նրա հետ: Նրա ընկերները ներս մտան նրա տան լուսամուտից և սարսափահար եղան՝ անկողնու վրա տեսնելով Լեմբեմբի դիակը: Նրա ոտքերը և վիզը կոտրել էին, իսկ դեմքն ու ձեռքերը՝ այրել արդուկով: Նույնասեռականությունը ապօրինի է համարվում 38 աֆրիկյան երկրներում:
8 Գալինա Ստարավոյտովա
Խորհրդային Միության փլուզումից հետո օլիգարխները դարձան երկրի ամենահզոր մարդիկ: Կովկասում բռնությունները նոր թափ էին ստանում: Դժվար էր գտնել բարձրաստիճան քաղաքական գործչի, որը ազնիվ մարդու համբավ ուներ: Գալինա Ստարավոյտովան այն քչերից էր, ում համարում էին ազնիվ քաղաքական գործիչ:
Ստարավոյտովան Չելյաբինսկ քաղաքի ակադեմիկոսներից էր: Նա մուտք գործեց քաղաքականություն 1988 թ.-ին, երբ երկու հայ ընկերներին գրած նրա նամակը մեծ աղմուկ առաջացրեց երկրում: Այդ նամակը, որում Ստարավոյտովան արտահայտվում էր հօգուտ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, օգնեց նրան ճանաչվել առաջին ռուսը, ով փորձում էր հասկանալ Հայաստանի դիրքորոշումը:
Ռուսաստանի կառավարությունում Ստարավոյտովան մարդու իրավունքների ակտիվ պաշտպանի համբավ ձեռք բերեց: Նա հաճախ ելույթներ էր ունենում կոռուպցիայի, հակասեմիտականության դեմ և շեշտում, որ Ռուսաստանը ավտորիտար ռեժիմին է վերադառնում: Առաջին չեչենական պատերազմի շեմին նա փորձեց հանդիպել Չեչնիայի առաջնորդ Դուդաևին: Վերջինս պատրաստակամություն հայտնեց Ստարավոյտովայի հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Երբ Ստարավոյտովան փորձեց կրկին կապ հաստատել Դուդաևի հետ, նա պարզեց, որ Ռուսաստանի և Գրոզնիի միջև հեռախոսակապն ընդհատված էր: 1998 թ.-ին Ստարավոյտովան սկսեց ուսումնասիրել կազմակերպված հանցագործության և Ռուսաստանի անվտանգության ծառայությունների ու բարձրաստիճան քաղաքական գործիչների միջև եղած հնարավոր կապերը:
1998 թ.-ի նոյեմբերի 20-ին Ստարավոյտովան աստիճաններով տուն էր բարձրանում, երբ նրա վրա հարձակվեցին երկու մարդասպաններ և գնդակահարեցին նրան: Պարզվեց, որ սպանությունը կազմակերպել էր վարձու մարդասպան Յուրի Կոլչինը, ով նախկինում Ռուսաստանի ռազմական հետախուզության գործակալ էր աշխատել: Ստարավոյտովայի աճյունը տեղափոխեցին Սանկտ-Պետերբուրգի ազգագրության թանգարան, որտեղ ձմեռային այդ ցուրտ եղանակին հավաքվեց մոտ 20,000 մարդ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ստարավոյտովային: Ստարավոյտովայի որդին, վերլուծելով իր մոր մղած պայքարը ծայրահեղականության ու կոռուպցիայի դեմ, նշեց, որ այդ սպանությունը միանգամայն կանխատեսելի էր: Այդպես էլ չբացահայտվեց, թե ով էր պատվիրել Ստարավոյտովայի սպանությունը:
7 Վալտեր Ռոդնի
Վալտեր Ռոդնին Գայանայի ամենանշանավոր քաղաքացիներից էր: Նա հայտնի պատմաբան էր, սակայն նա ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց որպես ակտիվիստ և Պանաֆրիկյան շարժման առաջնորդ: Լինելով մեծ գիտնական՝ նա կրթաթոշակ էր շահել և ուղևորվել Լոնդոնի համալսարան: Այնտեղ նա իսպաներեն և պորտուգալերեն սովորեց, որպեսզի կարողանար ուսումնասիրել Աֆրիկայի և արևելյան երկրների գրությունները, որոնք գրվել էին գաղութատիրության ժամանակաշրջանում: Հետագայում նա դասախոսի պաշտոն ստացավ Ջամայկայի համալսարաններից մեկում: Նա մտերմացավ բանվոր դասակարգի ներկայացուցիչների և ռաստաֆարական համայնքի հետ, որն այդ ժամանակ մարգինալացված էր: Նա մեկնեց Կանադա՝ գիտաժողովի մասնակցելու համար: Ջամայկայի կառավարությունը արգելեց Ռոդնիին կրկին մուտք գործել Ջամայկա: Այս որոշման պատճառով մարդիկ օրեր շարունակ բողոքի ցույցեր էին անցկացնում:
Վեց տարի Թանզանիայում դասախոս աշխատելուց հետո Ռոդնիին պաշտոն առաջարկեցին Գայանայի համալսարանում: Նոր էր Ռոդնին իջել ինքնաթիռից, երբ իմացավ, որ կառավարության ճնշումների պատճառով համալսարանի ղեկավարությունը այլևս չի ցանկանում աշխատանքի ընդունել իրեն: Ռոդնին չհուսահատվեց, այլ մնաց այնտեղ և միացավ Գայանայի ընդդիմությանը, որը պայքարում էր առաջնորդ Ֆորս Բերնեմի ավտորիտար ռեժիմի դեմ: Նա պայքարին ներգրավեց երիտասարդությանը և շուտով դարձավ ընդդիմության առաջնորդ: Նա պայքարում էր ռասսայական խտրականության դեմ և ձգտում հաստատել ժողովրդավարական համակարգ: 1980 թ.-ին Ռոդնիի ավտոմեքենայում ռումբ տեղադրեցին, և նա մահացավ պայթյունի հետևանքով: Ռոդնիի եղբայրը, ով նույնպես վիրավորվել էր պայթյունի ժամանակ, նշեց, որ ռումբը տեղադրված է եղել այն ռադիոյի մեջ, որը Ռոդնիին նվիրել էր սերժանտ Գրեգորի Սմիթը: Կառավարության պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր, որ Ռոդնին մահացել էր իր իսկ պատրաստած ռումբի պայթյունից: Ըստ այս վարկածի՝ Ռոդնին պայթուցիկը պատրաստել էր բանտից բանտարկյալների փախուստը կազմակերպելու համար: Գրեգորի Սմիթին գաղտնի կերպով տեղափոխեցին Գայանայից: Ասում են, որ նա հետագայում այլ մարդու անունով էր ներկայանում: Բերնեմի ավտորիտար իշխանությունը շարունակվեց հինգ տարի՝ մինչև նրա կյանքի վերջը:
Աղբյուր` Ավելին քան փաստեր