Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը: Այն ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը:
Համանման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունն ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետությունը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ: Սույն որոշումը կնպաստի վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը: