Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի: Այդ ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա.Հովհաննիսյանը, ինչպես նաև ադրբեջանական կողմը հերքել էին այդ լուրերը:
Իսկ արդեն սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվական կայքերը հրապարակել են վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը հղվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Համաձայն ադրբեջանական տեղեկությունների ՀՀ քաղաքացին՝ 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանն է:
Այս հարցով Yerevannews.am-ը զրուցեց Տավուշի մարզպետարանի լրատվական բաժնի պետ Սոֆյա Վերանյանի հետ, որը չկարողացավ ոչ հերքել, ոչ հաստատել մեր տեղեկությունը, ինչպես նաև «խորհուրդ տվեց» մեզ այս հարցի շուրջ զրուցել ՀՀ ՊՆ մամլո ծառայության հետ:
Այսիքն՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացին կարող է մեկ շաբաթ մնալ հակառակորդի ձեռքում, իսկ համապատասխան կառավարական օղակները նույնիսկ տեղյակ չլինեն սրա մասին: Զարմացնում է այսպիսի վերաբերմունքը մարդկային էակների նկատմամբ: Փաստացի մարզպետարանն ու մարզպետը տեղյակ չեն իրենց մարզում տիրող իրավիճակից և մարզի բնակիչների գտնվելու վայրից: Հանդիպելով նման ցավալի իրականության, առաջանում է մի հարց. մարդը ասե՞ղ է, որ կորի:
Բավական չէ, որ անտարբերության մատնված քաղաքացիները պատահմամբ անցնում են ՀՀ սահմանը և դառնում գերի ադրբեջանական կողմին, դեռ համապատասխան օղակները նույնիսկ տեղեկացված չեն լինում իրենց մարզում բնակվող հայ մարդկանց գտնվելու վայրի մասին:
Այսպիսով Yerevannews.am-ը հետևեց տրված «խորհրդին» և զրուցեց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ: Խոսնակը պարզաբանեց, որ նախկինում նա հերքել է ոչ թե ՀՀ քաղաքացու, այլ ՀՀ Զինված ուժերում ծառայողի անհետացման մասին տեղեկությունը: ՀՀ քաղաքացու անհետացման մասին Արծրուն Հովհաննիսյանը չկարողացավ տալ տեղեկատվություն, քանի որ այս դեպքում պետք է գործեն այլ համապատասխան օղակներ: Սակայն պետք է նշել նաև, որ ՀՀ քաղաքացու Ադրբեջանում գտնվելու մասին տեղեկությունները և նրա լուսանկարը հրապարակվել է Ադրբեջանի ՊՆ կողմից:
Փաստացիորեն ՀՀ քաղաքացին մատնվել է անուշադրության և համապատասխան պետական օղակների անպատասխանատու աշխատանքի շնորհիվ արդեն գրեթե մեկ շաբաթ է գերության մեջ է: Եթե ադրբեջանական կողմը ցանկանար չհրապարակել այս տեղեկատվությունը մենք այդպես էլ անտեղյակ կլինեինք մեր հայրենակցի անհետացման մասին:
Իսկ Կարմիր Խաչի Միջազգային Կազմակերպության հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավարի փոխարինող Գալստյան Հասմիկը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք նույնպես ՀՀ քաղաքացու անհետացման մասին տեղեկացել են ադրբեջանական կայքերից և արդեն գործողություններ են իրականացնում այս ուղղությամբ: Մասնավորապես նրանք իշխանություններից խնդրել են տեսակցություն ՀՀ քաղաքացու հետ: