Հիմնադիր խորհրդարանը հայտարարություն է տարածել 2015 թ. հունվարի 31-ի Բերձորի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«2015 թ. հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած ոճրագործությունը երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի կողմից նախապես մշակված լայնածավալ ահաբեկչական պլանի առաջին ակտիվ գործողությունն էր:
Այդ պլանի նպատակը գլուխ բարձրացնելու ջանքեր գործադրող հերթական թուրանական ծրագրի ապահովումն է:
Բնականաբար՝ Հայաստանը (Արցախը ներառյալ) հերթական անգամ կանգնած է ոտնատակ լինելու և բաժանման ենթարկվելու աղետալի սպառնալիքին դեմ հանդիման: Այսօր թուրանական ծրագիրը հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միություն կոչվող ռուս-թյուրքական նախագծով, ինչպես նաև մի կողմից Թուրքիայի և Ադրբեջանի, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև տեղի ունեցող ռազմավարական սիրախաղով:
Նշված թուրանական ծրագիրը նախատեսում է.
1. Արցախը լիակատար կերպով պատնեշել ու տարանջատել Հայաստանից և դարձնել առևտրի առարկա՝ ընթացքում ապահովելով այնտեղ գտնվող ու գլխացավանք դարձած հայկական բանակի դուրսբերումը և հայ բնակչության վերջնական արտաքսումը,
2. Իրանի հետ մեր սահմանի Մեղրի-Հորադիզ հատվածի վրա վերացնել հայկական վերահսկողությունը, որից հետո մեր և Իրանի սահմանն ամբողջությամբ կհայտնվի մեր վերահսկողությունից դուրս, ինչի հետևանքով մենք լիակատար կերպով կանջատվենք բարեկամ Իրանից ու զգալի չափով՝ առհասարակ արտաքին աշխարհից, իսկ հարավում մեր «պարանոցը» նորից կհայտնվի թուրքական աքցանի մեջ,
3. Հայաստանը վերջնականապես զրկել իրական ինքնիշխանությունից և վերածել տարածքի՝ ըստ անհրաժեշտության պահպանելով կամ չպահպանելով նրա ձևական ինքնիշխանությունը:
Արցախում և Հայաստանի մնացյալ մասում թուրանական այս ծրագրի ապահովման վերը նշված պլանի պատասխանատվությունը ստանձնել է կևորկովյան վարքուբարքի տեր ներկայիս քաղաքական վերնախավը, որը գործում է երևանյան ռեժիմի և նրա ստեփանակերտյան մասնաճյուղի համադրմամբ:
Այս պլանի իրագործման համար ռեժիմը, կեղծ քաղաքական ուժերը, ինչպես նաև դրանց վերահսկողության ներքո գտնվող գրեթե ամբողջ լրատվական դաշտը միասնական և համակարգված քայլերով.
1. մոլորեցնում և «ղարաբաղցի-հայաստանցի» կեղծ տարբերակմամբ պառակտում են մեր ժողովրդին՝ ձգտելով խեղաթյուրել 1988-ի Արցախյան շարժման նպատակը՝ Հայաստանին միանալը և փորձելով շահարկել Արցախի կեղծ պետականության հանգամանքը, իբրև թե մենք առանձին-առանձին ավելի ուժեղ ենք, մոռանալով, անշուշտ, որ մարդկային գիտակցության մեջ ուժը ընկալվում է որպես միասնության արդյունք,
2. ատելության քարոզի և ստոր զրպարտանքի միջոցով փորձում են հրեշացնել հայրենակործան այս գործընթացի դեմ թափ առնող ազգային-ազատագրական պայքարի դրոշ պարզած դիմադրական ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի և նրա աջակիցների, այդ թվում՝ 1988-ի շարժման հիմնադիրների ու հերոսների կերպարները՝ այդ նպատակով արդարացնելով նաև բերձորյան ահաբեկչությունը և հիմքեր ստեղծելով նրանց նկատմամբ շատ ավելի ծանր պատժիչ քայլերի համար,
3. ահաբեկել դիմադրության մտադրություն ունեցող ժողովրդական լայն զանգվածներին,
4. կամազրկել ժողովրդին, հաստատել բացառապես տիրապետող ռեժիմի և նրան ենթակա կեղծ ընդդիմության միջոցով քաղաքական գործունեությամբ զբաղվելու մենաշնորհ և ճամբարային կառավարման կարգեր,
5. սպառել ազգային-դիմադրական ներուժն ու զրոյացնել դրա անգամ հոգեբանական շարժառիթները արտաքին և ներքին ճակատներում՝ հիմնականում ըստ ամենայնի շահարկելով Ցեղասպանության 100-ամյակի, հատկապես՝ ապրիլի 24-ի օրվա ծիսական ու զգայական առումները և թույլ չտալով, որ այն ծառայի իր բնական ու տրամաբանական նպատակին և վերածվի պետականաշինության, պահանջատիրության և հայրենահավաքի ազդակի ու մղիչ ուժի:
Այս աղետալի ընթացքը կասեցնելու համար անհրաժեշտ է նախ նկատի ունենալ, որ աշխարհն ապրում է ոչ թե ըստ ռեժիմի քարոզչամեքենայի ձևավորած կեղծ պատկերի, այլ ըստ իրականության խիստ կանոնների, որոնց անտեսումը հանգեցնում է կործանարար հետևանքների:
Իսկ իրականությունն այն է, որ աշխարհում և Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում տեղի են ունենում արմատական գործընթացներ, որոնց ազդեցությամբ էապես փոփոխվում է նաև մեզ ներառող ավելի փոքր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետությունը, ինչն իր հերթին հանգեցնում է Արցախյան ազատամարտի արդյունքներով ձևավորված ստատուս-քվոյի փլուզման:
Իրականությունն այն է նաև, որ հետխորհրդային շրջանն ավարտվում է, իսկ դրա ժամանակ ձևավորված կառավարման համակարգերը և վերնախավերը փորձության առջև կանգնելիս արդեն ամբողջությամբ սնանկանում ու վերածվում են յուրային ժողովուրդների դեմ գործող մակաբույծ հակառակորդների:
Հարկ է հաշվի առնել, որ մեր ժողովուրդը թերևս հետխորհրդային տարածքում ամենամեծ փորձության առջև կանգնածներից մեկն է, եթե ոչ առաջինը, այդ պատճառով նրա պետականությունը արտաքին և ներքին, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ոլորտներում հայտնվել է լիակատար սնանկացման եզրին:
Գրեթե հարյուր տարին մեկ կրկնվող այսպիսի արմատական փոփոխությունների ներկայիս շրջանում մենք պետք է նկատի ունենանք նաև մեկ ուրիշ, միայն մեզ վերաբերող առանձնահատկություն: Գաղտնիք չէ, որ այդպիսի փուլերում Ռուսաստանը, որպես կանոն, մի ոտքով հեռանում է մեր տարածաշրջանից և գերադասում է իր բացակայության ընթացքում այն հանձնել Թուրքիային: Դժվար չէ կռահել, որ նման իրավիճակում մենք կզրկվենք հայրենի հողի այս վերջին կտորից, քանի որ նման պայմաններում պետականազրկված հայրենաբնակ հայության մնացորդների մի մասը կարտագաղթի, իսկ մյուս մասն էլ կուլ կգնա թուրանական ծովին:
Այս աղետալի ընթացքը կասեցնելու միջոցը, սակայն, շատ պարզ է: Սնանկացած համակարգը չի կարող գոյատևել. այն կամ լուծարում են կամ վերակազմակերպում՝ հենվելով դրա առողջ մասի վրա և հեռացնելով անդառնալիորեն հիվանդ մասը: Մեր պարագայում՝ առողջ մասը բանակն է և ազնիվ ու արհեստավարժ պետական ծառայողները, իսկ հիվանդ մասը՝ ռեժիմն ու քաղաքական վերնախավը:
Իսկ նշված նպատակին հասնելու համար մենք պարտավոր ենք կազմակերպվել առկա պետական կառավարման համակարգից դուրս և իշխանությունը բռնությամբ յուրացրած հանցավոր ռեժիմին հեռացնելու նպատակով ապստամբել մինչ այն պահը, երբ լիակատար պատնեշ կդրվի Արցախի ու Հայաստանի մնացած մասի միջև և այն Կարսի նման կհանձնվի այսօրվա Թուրանին:
Ներկայիս առաջադեմ իրողությունների հաշվառմամբ՝ այդ ապստամբությունը պետք է լինի քաղաքացիական անհնազանդության ձևով: Սակայն իր ազատության և իշխանության հաստատման նպատակով ոտքի կանգնած մեր ժողովրդի նկատմամբ բռնության դեպքում պետք է պատրաստ լինենք ինքնապաշտպանության և պատասխան բռնության միջոցով ժողովրդի կամքը պարտադրելուն»: