ՀՀԿ-ն ավարտեց իր հանրահավաքն Արարատում, և ելույթի խոսքով հանդես եկան Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մարզպետն իր ելույթում նշեց, որ իրենք միշտ կոչ են անում արդար և ազատ ընտրություններին, և ամեն ինչ արել են մյուս թեկնածուի քարոզարշավը չխոչընդոտելու համար: Նա նաև նշեց, որ մյուս թևի որոշ անձինք, գալով Արարատ, մատ են թափ տալիս Արարատի բնակիչների վրա: Նա համոզված է, որ արարատցիները չպետք է թույլ տան այդպիսի պահվածք:
Իսկ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը ներկա է այս հանրահավաքին, որպեսզի վերջ դրվեն բոլոր բամբասանքներին և խոսակցություններին: «Իշխանությունների վերաբերմունքն այս հարցին անփոփոխ է, մենք կանգնած ենք ՀՀԿ թեկնածուի կողքին»,- իր խոսքում նշեց ԱԺ նախագահը` հավելելով, որ ներողություն է խնդրում բոլոր այն պատգամավորների անունից, ովքեր եկել և մատ են թափ տվել արարատցիների վրա` հաստատելով, որ ով ինչ խոսում է, սխալ է անում: Իր ելույթում Աբրահամյանը բարձր գնահատեց Գրիգորյան եղբայրներին` նշելով, որ Արայիկ Գրիգորյանը շատ է մտածում Արարատի խնդիրները լուծելու մասին: «Ամեն անգամ դռնից դուրս ենք անում, պատուհանից է ներս մտնում, ասում է` այս մի հարցն էլ լուծենք»,- նշեց Հովիք Աբրահամյանը:

 

Նշենք նաև, որ հանրահավաքը չնայած ավարտվել է, սակայն դեռևս ելույթ են ունենում հայ էստրադայի երգիչ երգչուհիներ: