Արդեն տևական ժամանակ է ինչ համաշխարհային շուկայում նվազում են նավթի և բենզինի գները: Դեռ հոկտեմբեր ամսին նավթի գինը նվազեց 30 տոկոսով՝ 110 դոլարից դառնալով 83 դոլար: Սակայն, ինչպես և մնացյալ դեպքերում, Հայաստանում դրսևորվեց ուրույն մոտեցում. նավթի գինը մնաց անփոփոխ:
Սակայն, այս դեպքում Հայաստանը ամբողջովին միայնակ չէր: Մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի Դաշնությունում նույնպես առկա է այս խնդիրը: Չնայած ամբողջ աշխարհում նավթի և բենզինի գների անկմանը՝ ՌԴ-ում բենզինի գինը չի իջնում:
Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 15-ի դրությամբ, Brent տեսակի նավթի գինը ընկավ՝ դառնալով մեկ բարելի համար 60 դոլար:
Պատճառների մասին կարծիքները տարբեր են: Ռուսաստանյան քաղաքական գործիչներն ու փորձագետները, որպես հիմնական պատճառ են նշում նավթային շուկայում առկա մոնոպոլիստական իրավիճակը: Այս դեպքում, կարծես հայաստանյան փորձագետները համամիտ են մեր գործընկեր պետությունում հնչող կարծիքների հետ:
Հայ փորձագետները որպես պատճառ նշում են շուկայում գործող ընկերությունների միջև ձեռք բերված հնարավոր պայմանավորվածությունը: Հայաստանում նավթամթերքի մշակմամբ և վաճառքով հիմնականում զբաղվում են «Ֆլեշ» և «CPS» ընկերությունները: Այսինքն՝ կարծիքը, որ ՀՀ-ում բենզինի գները չեն ընկնում մրցակցության բացակայության պատճառով հանդիսանում է հավանական:
Դեռևս հոկտեմբեր ամսին ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովը հայտարարել էր, որ տվյալ պահի դրությամբ որևէ խախտում չկա, ու վարույթ հարուցելու հիմքեր չկան: Սակայն անցել է գրեթե 2 ամիս, նավթի գինը շարունակում է նվազել, բայց ՏՄՊՊ-ն դեռևս համոզված է, որ «կտրուկ գնանկում չի արձանագրվել»: ՏՄՊՊ ներկայացուցիչը պնդում էր, թե գնային փոփոխությունները որոշ ժամանակ անց միայն կանդրադառնան Հայաստանի գների վրա: Ժամանակը անցավ, սակայն Հայաստանում գնանկում այդպես էլ չնկատվեց...