Լեյլա Յունուսը, որը մեղադրվում է ՀՀ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ, հանդես է եկել հայտարարությամբ: «minval.az»-ի փոխանցմամբ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«2014թ.-ի հունիսի 30-ին ինձ ու ամուսնուս՝ Արիֆին մեղադրել են կեղծ մեղադրանքներով մի շարք հանցագործություններում, մինչև անգամ հայրենիքի դավաճանություն: Այն ժամանակ էլ ինձ Քյուրդախանի մեկուսարան տեղափոխեցին: Օգոստոսի 5-ին ձերբակալեցին նրան, մեկուսարան տեղափոխեցին:
Ես շատ երկար եմ զբաղվել քաղաքական ձերբակալությունների խնդրով ու լավ գիտեմ ԱԱՆ տանջանքների մասին: Պարզ գիտակցում եմ որոշումը՝ ֆիզիկապես ոչնչացնել մեր ընտանիքը՝ Արիֆին ու ինձ:
2005թ.-ին Էլմար Հուսեյնովի սպանությունից հետո ինձ նախազգուշացրեցին, որ պատրաստում են իմ սպանությունը: Իհարկե, վախենում եմ: Սակայն, հավանաբար, ինձ սպանելու որոշումը փոխեցին. մենք տեղեկությունը հրապարակային դարձրեցինք: Սակայն այսօր՝ 2014թ.-ին Ադրբեջանում չափ չկա արյունալի բռնակալությանը:
Ես պարզ գիտակցում եմ՝ ինձ ու Արիֆին դաժանաբար տանջելու են մինչև մահ…
Թանկագին համախոհներ, խոսեք այս մասին: Բարձր խոսեք: Թող լսեն ու իմանան, թե ինչ արյունալի բռնակալություն է տիրում Ադրբեջանում՝ երկրում, որը նախագահում է Եվրոպայի Խորհրդում»:
Լեյլա Յունուսի իրավունքների պաշտպանության կոմիտեն նշում է, որ Լեյլա Յունուսը տառապում է դիաբետի ծանր տեսակից: Յունուսի դեղերը վերջացել են, և եթե ժամանակին դրանք չհասցնեն, նրա վիճակը կարող է վատթարանալ:
Հիշեցնենք նաև, որ Բաքվում հուլիսի 30-ին ձերբակալվել էր Ադրբեջանական իրավապաշտպան Լեյլա Յունուսը: Ձերբակալության հնարավոր պատճառ է համարվում Հայաստանի օգտին լրտեսություն իրականացնելը: Լեյլային ձերբակալելուց հետո, ձերբակալվեց նաև նրա ամուսինը: