«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են գրավյալ մնալ և համաձայնագիրը չի կարողացել լուծել ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության շարունակականությանը, միջազգային սահմանին և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում մոլորության, թե ստատուս քվոն կարող է հավերժ շարունակվել»։ Ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ` հայտարարությունն արվել է  Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ՝ տարածաշրջանի ժողովուրդներին կոչ անելով մտորել վերջին երկու տասնամյակների ժառանգության շուրջ։

Նշվում է, որ կողմերը քիչ ցանկություն են ցուցաբերում օգտվելու համանախագահ երկրների առաջարկություններից կամ քաղաքական որոշումներից, որոնք անհրաժեշտ են հակամարտության խաղաղ կարգավորման համար։

«Մենք միասնական դիրքորոշում ունենք այս հակամարտության հարցում և, ինչպես առաջ, հավատարիմ ենք կողմերին օգնելու հարցում՝ կարճ ժամանակում հասնելու խաղաղ կարգավորման՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա, որոնք հիմնված են ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ազգերի հավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։

Հակամարտության լուծումը պետք է ներառի տարրեր, որոնք նշված են համանախագահ երկրների նախագահների՝ 2009-2013թթ.-ի հայտարարությունների մեջ, և նախատեսում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ և ինքնիշխանության ու անվտանգության երաշխիքներ, միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին, ԼՂ վերջնական կարգավիճակ, որը կորոշվի ապագայում՝ իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտման շնորհիվ, բոլոր փախստականների վերադարձ, ինչպես նաև անվտանգության միջազգային երաշխիքներ՝ այդ թվում խաղաղապահ գործողություններ»,-ասել են համանախագահները։


Նրանք հիշեցրել են, որ նոյեմբերին տեղի է ունեցել ամենաբարձր մակարդակով երկխոսության վերսկսկումը։ Շարունակությունը սկզբնաղբյուրի կայքում: