Քիչ առաջ Ոսկու շուկայի աշխատակիցները հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց` ի նշան անօրինական ստուգումների և տուգանքների շուրջ բողոքի:
Նրանք պահանջում էին հետ վերցնել այն տուգանքները, որոնք նշանակվել են անհիմն:

Ցուցարարների հետ զրուցեց Կառավարության ներկայացուցիչ, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որի ժամանակ ցուցարարները հայտնեցին վերջինիս, որ աղավաղված դրոշմի պատճառով իրենց մեծ գումարի տուգանքներ են ներկայացնում, և խնդրեցին այդ հարցը վերանայել:

«Հայ էկոնոմիկայի նախարարաությունը բազմիցս մեզ` ակտիվիստներիս ներկայացրել ա իր առաջարկները, որպեսզի աջակցություն լինի փոքր բիզնեսի զարգացման ծրագրին: Իսկ էսօր անսպասելի ստուգում`Էկոնոմիկայի նախարարության Վերահսկողության տեսչության պետ Վահան Խալիկյանի կողմից, ես չգիտեմ` որքանով ա դա օրինական»,- ասաց Ոսկու շուկայի աշխատակիցներից մեկը:

Ղազարյանի այն հարցին, թե ինչ հայտարարությամբ են ներկայացել տեսչությունից, աշխատակիցները հայտնեցին, որ մեծ քանակությամբ տուգանքների մասին են հայտնել իրենց:
«Դուք որտե՞ղ եք տեսել 3 մլն դրամ տուգանք: Թիվը եթե լավ չի երևում, տեխնիկական խնդիրա, դրա համար չի կարելի տուգանել: Էսօրվա ժողովուրդը հանգիստ նստած իրա համար, հարկերը տալիսա, չեղած տեղիցա տալիս, հայտարարում եմ` ամենախոշոր հարկատուն ենք, չեղած տեղից տալիս ենք, հարցին պետք է ճիշտ լուծում տալ»,- բողոքում են աշխատակիցները:

Վերջիններս Ղազարյանից պատասխան էին ցանկանում ստանալ:
«Ինչ պատասխան եք ուզում ստանալ, ոտի վրա պատասխանի եք սպասում»,- ասաց Ղազարյանը` հավաստիացնելով, որ եթե աշխատակիցները գնան շուկա և շարունակեն իրենց աշխատանքը, նրանց հետևից ոչ ոք չի գնա և ստուգումներ չի անցկացնի:

«Վստահեցնում եմ, որ էս պահին միանշանակ չեն կարող գալ, դուք գնացեք ձեր աշխատանքին»,- հայտնեց Ղազարյանը

Իսկ աշխատակիցները շարունակում էին պնդել, որ իրենք բյուջե են լցնում, և իրենց պետք է լավ նայեն:

Իսկ թե ինչ է լինելու տուգանվածների հարցը, և ինչ կլինի նրանց հետ, ում ապրանքը տարվել է, Ղազարյանն ասաց, որ գործը կուսումնասիրվի և հստակ պատասխան կտրվի:

Իսկ աշխատակիցները դեռևս Կառավարության շենքի դիմաց են և սպասում են հստակ պատասխանի:

 

Լուսանկարը` Shamshyan.com