«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վերջերս տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը, կարելի է ասել, «փոխհամաձայնության» են եկել: Հրանտ Բագրատյանը բողոքել է ՀՀ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունից, ասել է, որ այն վնասում է Հայաստանի տնտեսությանը:

Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ առանց լուրջ հիմքերի ինքը չի կարող ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի պաշտոնանկության հարց բարձրացնել, և որ ավելի լավ կլինի, եթե ԿԲ-ի գործունեությունը հեղինակավոր միջազգային կազմակերպություններ գնահատեն ու Բագրատյանի տեսակետը հիմնավորող եզրակացություններ տան:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է նաև, որ եթե, ի վերջո, որոշվի ԿԲ գործող նախագահին պաշտոնանկ անել, ապա ինքը այդ պաշտոնում կառաջարկի նշանակել Հրանտ Բագրատյանին: Այլ կերպ ասած՝ առաջիկայում Հրանտ Բագրատյանն ամեն կերպ պետք է ապացուցի, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր տեղում չէ, և եթե նրան հաջողվի վերջինիս «հարցերը լուծել», ապա հնարավոր է՝ ինքն էլ փոխարինի նրան:

Ստեղծված իրավիճակը Հովիկ Աբրահամյանի համար էլ է ձեռնտու, քանի որ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները Բագրատյանն այլևս գնահատելու է միայն ԿԲ գործունեության պրիզմայով` Կառավարությանը թողնելով «ապահով ստվերում»: «Ժողովուրդ»-ը երեկ Հրանտ Բագրատյանից փորձել է մեկնաբանություն ստանալ Հովիկ Աբրահամյանի հետ տեղի ունեցած հանդիպման և իրեն ԿԲ նախագահի պաշտոն խոստանալու վերաբերյալ, սակայն պատգամավորը զայրացած հակադարձել է՝ քեզ ինչ՝ ում հետ եմ հանդիպում, և հրաժարվել է, որևէ մեկնաբանություն տալուց: Թերևս չարժի ոչինչ մեկնաբանել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: