Ապրիլի 26-ից 28-ը Երևանում կանցկացվի «Made in Armenia» անվանմամբ էքսպո-ցուցահանդես, որտեղ հնարավորություն կունենան ներկայանալու բազմաթիվ հայ արտադրողներ: YerevanNews.am-ը կապ հաստատեց ցուցահանդեսի կազմակերպիչ հանդիսացող «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ի արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանի հետ, որն էլ ներկայացրեց մանրամասները.
«Ցուցահանդեսը կոչվում է «Made in Armenia» (արտադրված է Հայաստանում): Սա իր մաշտաբներով աննախադեպ ցուցահանդես է, որին մասնակցում են տեղական արտադրությամբ զբաղվող մոտ 300 ընկերություններ: Այսինքն, այս ցուցահանդեսին չեն մասնակցում օտարերկրյա ընկերություններ, ներկայացված կլինի միայն հայկական արտադրությունը»:
Բազմազան են նաև ցուցահանդեսի շրջանակներում ընդգրկված ոլորտները՝ արդյունաբերությունից մինչև գինեգործություն, կոնյակագործություն, սննդի արդյունաբերություն, ձկնաբուծություն, դեղագործություն, ոսկերչություն, ժամագործություն, ներառյալ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտները:
- Իրականացրել ենք նաև լայն աշխատանքներ արտերկրից ժամանած հյուրերի մասնակցությունն ապահովելու համար, որոնք կհանդիսանան մեր հայկական արտադրողների համար պոտենցիալ գնորդներ: Սպասում ենք շուրջ 100-ից ավելի օտարկերկրացի հյուրերի, որոնք հետաքրքրված են հայկական արտադրանքով և կմասնակցեն ցուցահանդեսին:
Նախատեսում ենք նաև, որ ընկերությունները հյուրերին ամեն օր կներկայացնեն իրենց արտադրությունն ու մատուցվող ծառայությունները:
Ցուցահանդեսի բացումը կլինի ապրիլի 26-ին՝ «Մերիդիան» էքսպո կենտոնում և կտևի 3 օր: Ի գիտություն բոլոր ցանկացողների՝ կգործի նաև ՀՀ հրապարակից «Մերիդիան» էքսպո կենտոն տեղափոխող անվճար երթուղի:
Մեր գլխավոր նպատակը բնիկ և օտարերկրացի հյուրերին տեղական արտադրանքը ցուցադրելու միջոցով Հայաստանում արտահաման ոլորտի զարգացումն է: