Անհավատալի է, որ 21-րդ դարում դեռևս կան այսպիսի վայրեր: ՀՀ տարբեր ոլորտներ և տարբեր իշխանական մարմիններ անդադար ենթարկվում են բազմատեսակ բարեփոխումների, որոնք միտված են մեր հասարակության և բնակչության կյանքը ավելի բարենպաստ դարձնելու համար: Սակայն, գրեթե երբեք սպասելիքները չեն համապատասխանում իրականությանը:
Օրինակ՝ Երևանի Նոր-Արեշ թաղամասի այս կամուրջը, որը տարիներ շարունակ բնակիչների համար ծառայել է որպես 2 փողոցները միմյանց կապող միակ ուղի: Այժմ՝ անցնելով այս կամուրջի վրայով, մարդ իր սեփական կյանքը և առողջությունը վտանգի է ենթարկում: Միլիոնավոր դրամներ են ծախսվում հասարակության բարեկեցության համար արվող տարատեսակ բարեփոխումների վրա, որոնց արդյունքում փաստացի նույնիսկ մի հասարակ կամուրջ չի վերանորոգվում:
Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ փողոցներն իսկապես հաճախ են ասֆալտապատվում: Հնարավոր է նաև չափազանց հաճախ: Նույն թաղամասում ընդհամենը մի քանի օր առաջ ասֆալտապատվեց և վերանորոգվեց փողոց, որը քիչ թե շատ զգում էր վերանորոգման կարիք: Սակայն այսպիսի հրատապ խնդիր ինչպիսին է մարդկանց անվտանգությունը մղվել է երկրորդ, երրորդ կամ չորրորդ պլան:
YerevanNews.am-ի տեղեկություններով բնակիչները նույնիսկ որոշել են կազմակերպել դրամահավաք կամուրջը վերանորոգելու համար:
Այսպիսով հուսով ենք Երևանի քաղաքապետարանը և Էրեբունու թաղապետարանը անտարբեր չեն մնա այս խնդրի հանդեպ և այն վերջիվերջո կստանա լուծում:
Լուսանկարները՝ henaran.am-ի: