Ոչ վաղ անցյալում ԶԼՄ-ները հայտնեցին սկանդալային մի լուր, թե Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մեծ վարկեր ու պարտքեր ունի, ավելին, բուհի շենքը վարկերի պատճառով գրավի տակ է:
Այս լուրից անմիջապես հետո ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունը շտապեց հայտնել, որ ԲՈՒՀ-ն ունի վարկային պատմություն, սակայն այն պայմանավորված չէ շենքի գրավադրմամբ: «Տեղեկացնում ենք ևս մեկ անգամ, որ ինստիտուտի շենքը գրավի տակ չէ»,-այսպես պատասխանեցին YerevanNews.am-ի գրավոր հարցադրմանը ԵԹԿՊԻ մամուլի ծառայությունից:
ԲՈՒՀ-ի մամուլի ծառայությունից հրաժարվեցին մեր մյուս հարցերին պատասխանելուց, ասելով.
«Ընդհանուր ֆինանսական մնացյալ հարցերին կարող ենք պատասխանել ԿԳ նախարարության ֆինանսական աուտիդից հետո»:
Ինստիտուտի մամուլի ծառայությունը վերջում հավելել էր, որ մնացյալ հարցերի պատասխանները կարող եք ճշտել համապատասխան մարմիններից:
Հետևեցինք ԲՈՒՀ-ի մամուլի ծառայության խորհրդին և փորձեցինք մեր հարցերի պատասխանները ստանալ համապատասխան մարմիններից:
Այս ամբողջ խառնաշփոթ սկանդալային պատմության մեջ, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները մենք ակնկալում էինք ստանալ, թերևս այս կառույցի հետ անմիջական կապ ունեցող և վերահսկող, ՀՀ կրթության և գիտության նախարարությունից:
Սակայն այս թեման գնալով ավելի հետաքրքիր և առեղծվածային դարձավ այն ժամանակ, երբ ԿԳՆ մամուլի ծառայությունից մեզ հայտարարեցին, թե ԲՈՒՀ-ը, հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություն, գործադիր մարմինն է տնօրինում պետական կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները:
YerevanNews.am-ը ԿԳ նախարարության լրատվական ծառայությանն ուղարկեց հարցերի մի ամբողջ շարք՝ պարզելու համար, թե ի վերջո, որտեղ է թաղված «շան գլուխը»:
Ստորև ներկայացնում ենք մեր հարցաշարը՝ ուղղված ԿԳՆ-ին.
• Ո՞ր դեպքում բուհի ռեկտորատն իրավունք ունի վարկեր վերցնելու և ո՞վ է նման թույլտվություն տալիս:
• Արդյո՞ք բուհն այսօր չունի այնքան ֆինանսական միջոցներ, որպեսզի վարկային գործարքներ չկնքի:
• ԿԳ նախարարությունն ինչպե՞ս է վերահսկում բուհի ֆինանսական ռեսուրսները և ընդհանրապես ինչպե՞ս են վերահսկվում ՊՈԱԿ-ի, այս դեպքում մասնավորապես ԲՈՒՀ-ի, ֆինանսական քայլերը:
• Արդյո՞ք ԿԳՆ տեղյակ է եղել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մեծ վարկերի մասին:
• Ի՞նչ նպատակով են օգտագործվել ձեռք բերված վարկերը:
• Արդյո՞ք ռեկտորն ազատ է իր քայլերում և չի վերահսկվում նախարարության կողմից, որպեսզի ցանկացած ֆինանսական խնդիրների առկայության դեպքում վարկային պատմություններ չունենա:
• Բանկն ի՞նչ իրավունքներ ունի Բուհի նկատմամբ, արդյո՞ք հնարավոր է, որ մեկ օր բուհի շենքը դառնա բանկի սեփականությունը:
• Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում նախարարության կողմից ստեղծված իրավիճակը շտկելու, մասնավորապես՝ ֆինանսական խնդիրները լուծելու և դասախոսական անձնակազմի աշխատավարձերը տալու ուղղությամբ:
Մեր այս ամբողջ հարցաշարին, ԿԳՆ-ն տվեց սպասված և «սպառիչ» պատասխան (այլ պատասխաններ չէինք էլ ակնկալում ստանալ պետական այս կառույցից):
ԿԳՆ-ի պատասխանները ներկայացնում ենք ստորև.
Ի պատասխան 2014 թվականի հունվարի 22-ին ՀՀ ԿԳ նախարարին հասցեագրած Ձեր գրությամբ բարձրացված հարցադրումներին տեղեկացնում եմ, որ նախարարությունը տեղյակ է ինստիտուտի առաջ ծառացած խնդիրներին և այդ իրավիճակը ուղղելու, առաջացած ֆինանսական խնդիրները լուծելու և դասախոսական անձնակազմի աշխատավարձերը հատկացնելու նպատակով նախարարությունում քննարկվում են ինստիտուտին աջակցելու մեխանիզմները և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Տեղեկացնում եմ նաև, որ ինստիտուտը հանդիսանալով պետական ոչ առևտրային կազմակերպություն, ունի իրավաբանական անձի կարգավիճակ (հիմք՝ <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մաս) և իր պարտավորությունների համար (այդ թվում՝ աշխատավարձերի և հավելավճարների վճարման) պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով, ինչպես նաև <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>> ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն կազմակերպության գործադիր մարմինն է տնօրինում պետական կազմակերպության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները:
Միաժամանակ ինստիտուտում ներկայումս տիրող իրավիճակի կրկնությունը բացառելու և ֆինանսական առողջացման նպատակով նախարարությունում քննարկման փուլում է գտնվում վերահսկողական նոր, ավելի արդյունավետ մեխանիզմերի մշակման և ներդրման հարցը:
Հարգանքով՝ Ա. Աշոտյան
Այս ամենից պարզվում է, որ փաստորեն ԿԳ նախարարությունը չունի որևէ լիազորություն վերահսկելու և հետևելու ԲՈՒՀ-ի ռեկտորատի ֆինանսական միջոցները: Բայց մի բան այստեղ շարունակում է մնալ անհասկանալի է, թե ի վերջո չկա՞ մի կառույց, որպեսզի վերահսկողական լիազորություններ ունենա բուհերի նկատմամբ, և օրերից մեկ օր չպարզվի, որ պետական բուհերից մեկը դարձել է որևէ բանկի սեփականություն:
Իսկ նախարարության այս վերջին պարբերությունից (ԿԳՆ. Ինստիտուտում ներկայումս տիրող իրավիճակի կրկնությունը բացառելու և ֆինանսական առողջացման նպատակով նախարարությունում քննարկման փուլում է գտնվում վերահսկողական նոր, ավելի արդյունավետ մեխանիզմերի մշակման և ներդրման հարցը), հետո, պարզ է դառնում, որ մինչև «դանակը չի հասել ոսկորին», նախարարությունը «մատը մատին» չի տվել:
Հասկանալի է, որ այս դեպքում ՀՀ Սահմանադրության ուժն այնքան զորեղ չի գտնվել, որպեսզի կանխեր ռեկտորի ֆինանսական շռայլությունները, սակայն մի բան ակնհայտ է, որ վերնախավի և իշխանական լծակների հետ ջերմ հարաբերությունները վեր են եղել ամեն ինչից, հետևաբար, սպասել, թե որտեղ է ի վերջո այս «փուչիկը տրաքելու», անիմաստ է:
Գեղամ Սարգսյան