Այսօր` Մարդու իրավունքների օրվա նախաշեմին, ՄԻՊ-ը հրապարակել է արդար դատաքննության վերաբերյալ արտահերթ զեկույց:
Զեկույցը ներկայացնող ՄԻՊ տեղակալ Գենյա Պետրոսյանը հայտնեց, որ զեկույցում ներգրավվել են այն բոլոր մարմինները, որոնք իրենց գնահատմամբ` հանդիսանում են էական վտանգ Հայաստանում արդար դատական քննություն անցկացնելու գործում:
Պետրոսյանի փոխանցմամբ` իրենք արդար դատաքննության իրավունքը թիրախավորել են մյուս բոլոր իրավունքներից, քանի որ սա հենց այն իրավունքն է, որի միջոցով երաշխավորվում են մյուս բոլոր իրավունքների պաշտպանությունները` անօրինական կամ կամայական խախտումներից:
«Եթե դատարանները գործեն անկախ և իրականացնեն իրենց առջև դրված առաքելությունը, ապա սա իր հետևանքները կունենա մեր հասարակական-քաղաքական կյանքի մյուս բոլոր ոլորտների վրա` սկսած պետական մարմինների վարչարարությունից, քննչական մարմնի գործունեությունից և ցանկացած ոլորտից»,- բնութագրեց ՄԻՊ տեղակալը` հավելելով, որ անցկացվել են 120 հարցազրույցներ փաստաբանների, դատավորների, դատախազների և իրավաբան-փորձագետների շրջանում, ուսումնասիրվել են նաև 2012-13 թվականների վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված բոլոր վճռաբեկ բողոքները, ինչպես նաև ԱԽ-ի 2006-2013 թվականների բոլոր որոշումները և այլն:
«Այս ամենի արդյունքում կարողացել ենք բացահայտել կոնկրետ բացահայտ օրինակներ և դեպքեր, երբ թե Վճռաբեկ դատարանի կողմից և Արդարադատության կողմից կիրառվել են երկակի ստանդարտներ, նաև եղել են դեպքեր, երբ դրանք ուղղորդված են եղել ուղղակի օրենքի խախտումներով»,- հայտնեց Պետրոսյանը` տեղեկացնելով նաև, որ ԱԽ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի քանի մակարդակներում Խորհրդի կողմից կիրառվում են ակնհայտ երկակի ստանդարտներ` շատ դեպքերում զուգորդված օրենքի խախտումներով:
ՄԻՊ տեղակալն օրինակ բերեց այն դեպքը, երբ ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ չի հարուցում դատավորի նկատմամբ` այն պատճառաբանությամբ, որ դեռևս գործը գտնվում է վերադաս դատարանում` քննության փուլում: Իսկ մեկ այլ դեպքում, ըստ Պետրոսյանի, իրենք արձանագրել են, որ ԱԽ-ի կարգապահական հանձնաժողովը հարուցել է կարգապահական վարույթ, երբ գործը դեռևս գտնվում է վերադաս դատարանում` քննության փուլում:
ՄԻՊ տեղակալը նաև հայտնեց, որ դատարաններում մեծ են կոռուպցիոն մեխանիզմները, իսկ դատական կաշառքի սակագնի չափը որոշվում է հայցագնի 10 տոկոսից ելնելով:
«Ընդհանուր առմամբ` հարցվածների մեծ մասի պնդմամբ` կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքում. առաջին ատյանում` 500-10.000 ԱՄՆ դոլար, վերաքննիչ դատարանում` 2.000-15.000 ԱՄՆ դոլար, իսկ Վճռաբեկ դատարանում` 10.000-50.000 ԱՄՆ դոլար: Մեր կողմից անցկացված հարցումների արդյունքում պարզել ենք, որ դատական համակարգում կոռուպցիոն մեխանիզմներն ունեն տրման ձևեր: Օրինակ, դատավորն ավելի մեծ գումար է պահանջում իր վճիռը «պահելու» համար, այսինքն` երաշխավորում է, որ իր կողմից կայացված վճիռը չի բեկանվի վերադաս դատական ատյաններում: Այսինքն` այս տարբերակը ենթադրում է գումարի բաշխում վերադաս դատական ատյանների դատավորների միջև»,- հայտնեց Պետրոսյանը: