Երեւանում տեղի ունեցած սպանության հետքերով. պարզվել է զոհի ինքնությունը եւ սպանության մի շարք հանգամանքներ, YerevanNews.am-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից:
Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է նախօրեին` հոկտեմբերի 11-ին, սպանված երիտասարդի ինքնությունը: Հանցագործության զոհը Հայաստանի Հանրապետության 24-ամյա քաղաքացի Լեւոն Բունիաթյանն է (լուսանկարում):
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարևանությամբ՝ գնացքի գծերի մոտ, հայտնաբերվել է դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործի նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել են նաեւ սպանության մի շարք հանգամանքներ, ինչպես նաեւ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ: