ՀՊՃՀ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչը YerevanNews.am-ին է փոխանցել բուհում տիրող իրավիճակի մասին գրված իր հոդվածը:
Ստորև կարող եք ծանոթանալ հոդվածին.
Պոլիտեխնիկի պրոֆեսորադասախոսական անձնակազմը դրական գնահատեց երկրի ղեկավարության որոշումը դասախոսների աշխատավարձերի չափի վերականգնման վերաբերյալ: Այնուհանդերձ, ռեկտոր Ավետիսյանի ռեֆորմների պատճառով տուժել է ոչ միայն ՀՊՃՀի (Պոլիտեխնիկի) դասախոսների սոցիալական վիճակը, այլ նաև վնաս է հասցվել համալսարանում իրականացվող ուսումնական պրոցեսին: Մեխանիկական եղանակով, առանց որևէ մեթոդաբանական հիմնավորման, կրճատվել են դասախոսուսանող անմիջական շփում ապահովող, այսպես կոչված, արտալսարանային դասաժամերը: Լսարանային ժամերի ընդհանուր քանակը ևս ենթարկվել է մեխանիկական կրճատման: Այսպես, եթե նախկինում լեկցիոն հոսքերը ձևավորվում էին, որպես կանոն, երկու խմբի հիման վրա, ապա ներկայումս երեք և ավելի: Եթե նախկինում գործնական պարապմունք կատարող խմբերը կազմվել են 25 ուսանողից, ապա ներկայումս՝ 28: Շատացել է նաև ուսանողների թիվը ենթախմբերում. եթե նախկինում լաբորատոր պարապմունքները անցկացվել են 16 ուսանողով, ապա ներկայումս՝ 18: Հոսքերում խմբերի և խմբերում ուսանողների թվի աճի հետևանքով դիտվել են դեպքեր, երբ լեկցիայի ժամանակ ուսանողների թիվը գերազանցել է լսարանում նստատեղերի թվին, այլ կերպ ասած ուսանողները ստիպված են եղել անցկացնել լեկցիոն պարապմունքները կամ կանգնած, կամ գերխիտ նստած:
Ռեկտոր Ավետիսյանի «նորամուծությունների» արդյունքում ՀՊՃՀում իրականացվող ուսումնական պրոցեսը կրել է ինչպես քանակական, այնպես էլ որակական փոփոխություն, այլ կերպ ասած, ուսումնական պրոցեսը դեֆորմացված է: Պոլիտեխնիկի առջև ռեկտոր Ավետիսյանի ղեկավարման արդյունքում ծառացած խնդիրների լուծումը պահանջում է համակարգված և ամբողջական մոտեցում, միայն դասախոսների աշխատավարձի վերականգնմամբ դրանք չեն լուծվի: Եթե համալսարանը շարունակի իրականացնել ուսումնական պրոցեսը ներկայիս տարբերակով, ապա դա չի ապահովի որակյալ կրթական ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ համալսարանը կկորցնի իր ուսանողական համակազմը և, հետևաբար, դատապարտված կլինի քայքայման: Դասախոսի աշխատավարձը պայմանավորված է ուսանողների թվով, որը իր հերթին կախված է դասախոսի կողմից մատուցվող ուսումնական ծառայությունների որակից: Ուստի, միայն աշխատավարձի բարձրացմամբ խնդիրը չի լուծվում, ուսման պրոցեսը դրանից չի բարելավվի և աստիճանաբար կսկսի ձեռք բերել իմիտացիոն բնույթ:
Շատերի մոտ կարող է բնական հարց ծագել` արդյո՞ք պարոն Ավետիսյանը, երկու տարուց ավել լինելով ՀՊՃՀ ռեկտոր, գովասանքի արժանի որևէ բան չի արել: Իհարկե, դա այդպես չէ. մասնավորապես, Արա Ավետիսյանը ռեկտորի պաշտոնը ստանձնելուց հետո արագ լուծեց համալսարանում որակյալ ինտերնետ կապի խնդիրը, որը մինչ այդ ՀՊՃՀ-ում եղել է վատ որակի: Ներկայիս ռեկտորը շարունակել է գիտատեխնիկական ուղղվածությամբ ֆիրմաների ներմուտքի քաղաքականությունը դեպի Պոլիտեխնիկ: Տեսանելի են ռեկտոր Ավետիսյանի մեծածավալ աշխատանքները ուղղված ՀՊՃՀ-ի բակային և հարակից տարածքների բարեկարգմանը, ասֆալտապատմանը, մասնաշենքերի վերանորոգմանը և այլն:
Ռեկտոր Ավետիսյանից շատերն են լսել, որ ինքը Պոլիտեխնիկում իրականացնում է քաղաքականություն՝ միտված համալսարանի լաբորատոր բազայի արդիականացմանը: Որպես իր կողմից այդ ուղղությամբ տարված աշխատանքների արդյունք պարոն Ավետիսյանը մատնանշում է 10-րդ մասնաշենքում հիմնած ՀՊՃՀ ինովացիոն կենտրոնը, որի բացմանը ներկա է եղել նաև հանրապետության նախագահը: Առաջին անգամ ինովացիոն կենտրոն այցելած յուրաքանչուր անձ, նախ և առաջ կփաստի, որ շենքը գտնվում է իդեալական նորոգված վիճակում. լաբորատոր լսարանները ընդարձակ են ու լուսավոր, բոլորն էլ ունեն օդորակիչներ և այլն: Ինչ վերաբերվում է բուն լաբորատորիաներին, ապա դրանք զինված են որակյալ, հիմնականում համակարգչային բաղադրիչ պարունակող բազմապիսի սարքավորումներով՝ նախատեսված տարաբնույթ փորձերի իրականացման կամ իմիտացման համար:
Կենտրոնի ստեղծման համար տարված աշխատանքների ծավալը, ինչպես նաև հատկացված ֆինանսական միջոցների չափերը իրոք, որ տպավորիչ են: Անկասկած այս կենտրոնի հիմնումը ընդլայնում է ՀՊՃՀ լաբորատոր բազան, ինչը անվիճարկելիորեն դրական է: Այնուհանդերձ ՀՊՃՀ ինովացիոն կենտրոնի ստեղծման հետ կապված ոչ միայն ես, այլ նաև Պոլիտեխնիկի շատ դասախոսներ ունեն մի շարք հարցադրումներ, որոնք տարատեսակ մտածմունքների հիմք են հանդիսանում: Օրինակ`
ինչու՞ է կենտրոնը անվանվել ինովացիոն, եթե այն զինված է միայն ուսումնական սարքավորումներով: Ավելի ճիշտ չէր լինի կոչել իրերը իրենց անունով և անվանել կենտրոնը ուսումնական, այլ ոչ թե ինովացիոն. պատկերացրեք, որ հեծանիվը անվանում են ինքնաթիռ, փորձելով համոզել, որ նրանով հնարավոր է իրականացնել նաև թռիչքներ,
կենտրոնում շատ են լաբորատոր փորձերը, որոնք չեն բավարարում տեխնիկական ԲՈՒՀի ծրագրերի պահանջներին, դրանք ավելի շատ համապատասխանում են դպրոցական կամ քոլեջային ծրագրի մակարդակին: Ի դեպ, կենտրոնի շատ փորձերի պրիմիտիվ լինելու հանգամանքի մասին բազմիցս է խոսվել թե համալսարանի տարբեր մակարդակի նիստերում, թե ռեկտոր Ավետիսյանի հետ անմիջական շփումների ժամանակ,
կենտրոնում առկա են լաբորատոր սարքավորումներ, որոնք չեն համապատասխանում կամ անհրաժեշտ վերապահմամբ են ինտեգրվում ՀՊՃՀում իրականացվող մասնագիտությունների համար ուսումնական գործընթացի մեջ,
կենտրոնում կան փորձեր, որոնք նույնն են կամ աննշան, ոչ էական շեղումներով կրկնում են ՀՊՃՀի համապատասխան ամբիոններում առկա լաբորատոր փորձերը:
Վերը ասվածից բխում է, որ առկա են էական խնդիրներ ՀՊՃՀում իրականացվող ուսումնական պրոցեսի բովանդակային բաղադրիչների տեսանկյունից` ստեղծված լաբորատորիաների շահագործման առումով:
Թվարկած հարցադրումների շարքը անխուսափելիորեն ձևավորում է հետևյալ հիմնահարցը՝ որքանո՞վ է նման թանկարժեք համալիր-լաբորատոր բազան նպաստում ՀՊՃՀում որակյալ կադրերի պատրաստմանը: Եթե լաբորատոր փորձերի և ՀՊՃՀում իրականացվող ուսումնառության բովանդակության միջև կա շոշափելի անհամապատասխանություն, ապա կարելի՞ է արդյոք համարել արդարացված կենտրոնի ստեղծման վրա ծախսված հսկայական ֆինանսական միջոցները, ինչը ՀՊՃՀի պարագայում արտահայտվել է մեծածավալ շինարարական աշխատանքներով:
Նմանատիպ հարցին սպառիչ պատասխանելու համար, անկասկած, անհրաժեշտ է մանրամասն և ամբողջական հետազոտում: Այնուհանդերձ, լաբորատոր համալիրի ստեղծմանը կարելի է տալ որոշակի ընդհանուր բնույթի գնահատականներ, արդեն իսկ հիմնվելով ՀՊՃՀում շատերին հայտնի նախնական տեղեկությունների վրա: Պոլիտեխնիկում այս լաբորատոր կենտրոնի հիմնման վերաբերյալ խոսակցությունները հնչել են սրանից դեռևս չորս տարի առաջ՝ պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանի ռեկտոր լինելու ժամանակ: Լաբորատոր փորձերի համալիրի ստեղծման առաջարկի վերաբերյալ կարծիք ձևավորելու համար համալսարանում մոտ երկու-երեք ամիս տարբեր մակարդակներով կազմակերպվեցին ինտենսիվ քննարկումներ, որոնց արդյունքները ամփոփվեցին Պոլիտեխնիկի ռեկտորատի ընդլայնված նիստում, որին նաև հրավիրված էին էկոնոմիկայի նախարարը և սարքավորումները տրամադրող կազմակերպության ներկայացուցիչները: Ռեկտորատում լաբորատոր համալիրի ստեղծման հետ կապված հնչեցվեց համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ամփոփ տեսակետը, որը, ընդհանուր առմամբ, ուներ հետևյալ ձևակերպումը. Պոլիտեխնիկի ունեցած ակտիվների պարագայում նմանօրինակ լաբորատոր կենտրոնի հիմնումը ոչ նպատակահարմար է, քանի որ կատարված ներդրումները համարժեք չեն լինի ակնկալվող արդյունքին: Այդ նիստի ընթացքում ռեկտոր Մարուխյանը նշել էր նաև, որ նույնիսկ համապատասխան ամբիոններում ըստ առաջարկվող փորձերի լաբորատոր պարապմունքների կազմակերպման դեպքում, կթարմացվի ՀՊՃՀ-ի ուսումնական բազայի առավելագույնը 20 տոկոսը:
Արա Ավետիսյանի Պոլիտեխնիկ գալուն պես մեկնարկեց այդ լաբորատոր համալիրի ստեղծումը, առանց հաշվի առնելու նախկինում այդ առաջարկի վերաբերյալ համալսարանի կողմից ձևավորված դիրքորոշումը: ՀՊՃՀ-ի ներկայիս ռեկտորը նույնիսկ հարկ չհամարեց որևէ կերպ մեկնաբանել իր այդ որոշումը: Ասում են, որ միայն որոշ ամբիոնի վարիչներից նա վերցրել է ստորագրություններ նոր լաբորատոր սարքերի ձեռքբերման նպատակահարմարության վերաբերյալ:
Պոլիտեխնիկի նախկին ռեկտորները` պրոֆեսոր Սարգսյանը և պրոֆեսոր Մարուխյանը, իրենց ՀՊՃՀ-ն ղեկավարելու ժամանակաշրջանում ստեղծել և տնտեսել էին շուրջ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դրամ գումար: Այդ գումարը երաշխիք էր այն բանի, որ պայմանավորված հանրակրթական դպրոցի հայտնի ռեֆորմով, մեկ տարի` 2011/2012 ուսումնական տարում փաստացի չունենալով ընդունելություն, ինչը զգացվելու է տևական ժամանակ, ՀՊՃՀ-ն կշարունակի իր գործունեությունը բնական հունով, առանց որևէ էական ցնցումների` զերծ մնալով պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ կազմերի կրճատումից, աշխատավարձերի անկումից, ուսումնական որակ ապահովող բաղադրիչների թուլացումից և այն:
Ինչու եմ ես հիշատակում նախկին երկու հարգարժան ռեկտորների նախաձեռնությամբ և Պոլիտեխնիկի ամբողջ կոլեկտիվի կողմից շուրջ 20 տարվա ընթացքում ստեղծած այս կուտակային ֆոնդը: Բանը նրանումն է, որ պարոն Ավետիսյանը իր Պոլիտեխնիկի ռեկտոր լինելու ավելի քան 2 տարիների ընթացքում հասցրել է ծախսել այդ ֆոնդի զգալի մասը` թողնելով միայն չնչին մասը, այն էլ ծախսերը հիմնականում իրականացնելով շինարարական բնույթի աշխատանքների վրա: Այսպես, մոտ կես միլիարդ դրամի կարգի գումար ներդրվել է վերոնշված ՀՊՃՀ ինովացիոն կենտրոնի մասնաշենքի վերանորոգման համար: Չեմ բացառում, որ այդ գումարի ինչ-որ մասը ուղղվել է նաև գույքի ձեռքբերմանը, այնուհանդերձ, ՀՊՃՀ-ն այդ կենտրոնի համար որևէ սարքավորում չի գնել: Ասվածիս պետք է հավելեմ, որ Արա Ավետիսյանի ռեկտոր լինելու ժամանակ էապես նվազել են ուսումնական պրոցեսին ուղղված համակարգչային տեխնիկայի գնման ծավալները: Ներկայումս ՀՊՃՀ-ն այն ձեռք է բերում հիմնականում գիտական թեմաների միջոցով, որոնք, ինչպես հայտնի է, ֆինանսավորվում են կամ պետական բյուջեից կամ միջազգային գիտական ֆոնդերից:
Ռեկտոր Ավետիսյանի կողմից նախաձեռնած ինովացիոն կենտրոնի ստեղծումը և այլ շինարարական նախաձեռնությունները հանգեցրին Պոլիտեխնիկի կոլեկտիվի շուրջ երկու տասնամյակի ընթացքում տնտեսած գումարների ոչ արդյունավետ օգտագործմանը: Ռեկտորատի նիստերից մեկի ժամանակ, համալսարանի ամբիոնի վարիչներից մեկը ասաց, որ իր ամբիոնը կարողանում է միայն մասամբ օգտվել այդ լաբորատոր համալիրի հզորություններից, քանի որ սարքավորումները չափազանց պարզունակ են մեր բուհի լաբորատոր փորձերին ներկայացվող պահանջների համեմատ: Ռեկտորի այն հարցին` թե արդյո՞ք դա նշանակում է, որ այդքան գումար ծախսվել է իզուր, ամբիոնի վարիչը պատասխանեց` ցավոք սրտի դա շատ մոտ է իրականությանը: Ինչպես տվյալ դեպքերում ասում են, մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ:
Շատերն են արդեն նկատել, որ ուսանողների հոսքը դեպի Պոլիտեխնիկի գերնորոգված 10–րդ մասնաշենք, որի վրա մեծ կապույտ տառերով գրված է ՀՊՃՀ ինովացիոն կենտրոն, չափազանց փոքր է: Դա վկայում է այն մասին, որ ոչ միայն այդ լաբորատորիաներից օգտվող ուսանողների թիվն է փոքր, այլ նաև այդ լաբորատորիաներն են թերբեռնված, այլ կերպ ասած կենտրոնի շատ սարքավորումներ դատապարտված են պարապուրդի: Կատարվածին կարելի է տալ հետևյալ պարզ քանակական գնահատականը. եթե կենտրոնի ստեղծմամբ թարմացվել է ՀՊՃՀ-ի ուսումնական լաբորատոր բազայի 20 տոկոսը, որը լավագույն դեպքում, հաշվի առնելով նշված հանգամանքները, հնարավոր է բեռնվել միջինում 30 տոկոսով, ապա կստացվի, որ Արա Ավետիսյանի կատարած նախաձեռնության ՕԳԳ-ն /օգտակար գործողության գործակիցը/ կազմել է լավագույն դեպքում 6 տոկոս:
Նմանատիպ մեծածավալ ներդրումների պարագայում, Պոլիտեխնիկի մի բաղադրիչի` ուսումնական բազայի ընդամենը 6 տոկոսով արդիականացումը, չի կարող համարվել արդարացված, առավել ևս, երբ այդ ամենը դիտարկվում է ՀՊՃՀ-ում ուսումնական պրոցես ձևավորող բոլոր բաղադրիչների համատեքստում: Պարզ է, որ այդ դեպքում ռեկտոր Ավետիսյանի ձեռնարկածի արդյունավետությունը ընդհանուր Պոլիտեխնիկի կտրվածքով անհամեմատ փոքր է: Ինչ վերաբերում է կենտրոնի ինովացիոն անվանմանը, ապա իր բովանդակությամբ այն հեռու է նման անվանում կրելուց: Եթե մի տեղ խնդրահարույց է նույնիսկ ուսումնական լաբորատոր փորձերի կազմակերպումը, ապա ի՞նչ ինովացիոն հետազոտությունների մասին խոսք կարող է լինել:
Սիմվոլիկ է, որ ռեկտոր Ավետիսյանի կողմից նախաձեռնած ինովացիոն կենտրոնի ստեղծման հետ կապված, կատարվել են պարտադրված տեղափոխումներ, որի արդյունքում էապես տուժվել են Պոլիտեխնիկի որոշ գիտական լաբորատորիաներ: Չեմ կարող նաև չնշել, որ ռեկտոր Ավետիսյանի «ինովացիոն» գործունեության արդյունքում, ըստ էության, ոչնչացվեց Պոլիտեխնիկում երկար տարիներ, իսկապես, ինովացիոն գործունեություն իրականացնող պրոյեկտներից մեկը` դասախոսների վերապատրաստման կենտրոնը: Դեռևս ռեկտոր Յուրի Սարգսյանի օրոք հիմնված այս կենտրոնը ունեցավ լուրջ խնդիրներ այն պահից սկսած, երբ ռեկտոր Ավետիսյանը որոշեց այն վերակազմավորել Պոլիտեխնիկում մեկնարկած մեկ այլ` Միջբուհական և շարունակական կրթության կենտրոն անվանմամբ պրոյեկտի շրջանակներում: Ենթադրվում էր, որ վերապատրաստման կենտրոնը կիրականացնի իր ծրագրերը, նոր ստեղծված կենտրոնի համակարգչային հզորությունների վրա: Գերնորոգված լսարաններով և համակարգչային տեխնիկայով գերզինված այս նոր կենտրոնը, որի բացմանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետը, գտնվում է Պոլիտեխնիկի 5րդ մասնաշենքի առաջին հարկում: Այցելելով նշված տարածք հեշտությամբ կարելի է համոզվել, որ նորաստեղծ կենտրոնը մեղմ ասած թերբեռնված է, այսինքն` աշխատում է շատ ցածր արդյունավետությամբ` լաբորատոր սենյակներից շատերը գրեթե միշտ փակ են: Ի՞նչ կարելի է ասել այս առիթով: Շատերի կարծիքով կենտրոնի անհետևողական աշխատանքը մեծամասամբ պայմանավորված է նրա վատ կառավարմամբ, որի արդյունքում նաև իսպառ խաթարվեց նախկինում գործող դասախոսների վերապատրաստման կենտրոնի աշխատանքը: Ռեկտոր Ավետիսյանը հերթական անգամ դրսևորելով իր արհամարհանքը Պոլիտեխնիկում առկա գիտամանկավարժական ներուժի նկատմամբ, նորաստեղծ կենտրոնի ղեկավար նշանակեց Պոլիտեխնիկ միջավայրին քիչ ծանոթ, անորոշ մասնագիտացմամբ, առանց մանկավարժական կոչման մի անձնավորության:
Ռեկտոր Ավետիսյանի համոզմամբ իր գործունեության ՕԳԳն Պոլիտեխնիկում շատ բարձր է, քանի որ նա շատ է շահարկում այն հանգամանքը, որ ինքը նորարար, ինովացիոն մոտեցումների կողմնակից ռեկտոր է ԲՈՒՀական համակարգում: Այնուհանդերձ, ամփոփելով ասվածը, կարելի է պնդել, որ մինչ օրս պարոն Ավետիսյանի «ինովացիոն» գործունեությունը Պոլիտեխնիկում եղել է չափազանց անարդյունավետ, քանի որ տեղի է ունեցել համալսարանի հսկայական ֆինանսական միջոցների վատնում:
Կարծում եմ շատերին է հետաքրքիր` վերջը ի՞նչ եղավ Պոլիտեխնիկի դասախոսների աշխատավարձերը: Ասեմ, որ հոկտեմբեր ամսվա աշխատավարձը մենք ստացել ենք սեպտեմբերի նման` ցածրացված տարբերակով: Ըստ համալսարանի ներսում շրջանառվող լուրերի, աշխատավարձը պարտադիր կվերահաշվարկվի` պարզապես դա տեղի կունենա փոքր-ինչ ուշ, երբ ռեկտորը կվերադառնա արձակուրդից: Բա ի՞նչ եղավ նախարար Աշոտյանի հայտարարությունը, որ Պոլիտեխնիկի կոլեկտիվը կստանա իր հոկտեմբերի աշխատավարձը վերականգնված տարբերակով: Ստացվում է այնպես, որ իր գործողություններով Պոլիտեխնիկի ռեկտորը ցանկանում է ցույց տալ կոլեկտիվին, որ ինքը իզորու է կատարել նախարարի հրահանգը, երբ դա իրեն հարմար կլինի:
Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչ
ֆիզ.մաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր` Ա.Ժ. Խաչատրյան


