ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է ակտիվորեն պատասխանել Կառավարության անդամների` իրեն ուղղված մեղադրանքներին: Այս անգամ հերթը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանինն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կառավարության մամուլի սրահում Աշոտյանն անդրադառնալով Սարգսյան-Քոչարյան բանավեճին, նշել էր, որ իր համար հաճելի է, որ հիշատակվել է Անդրանիկ Մարգարյանի անունը, միաժամանակ նշելով, որ չգիտի թե որքանով է դա անկեղծ և հավելել. «բայց ե՞րբ է վերջին անգամ այցելել պանթեոն»:
Արձագանքելով Աշոտյանին, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը գրում է. «Կուզենայինք մի քանի բառով անդրադառնալ նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարություններին /15 հունվարի, ասուլիս ՀՀ կառավարության շենքում/: Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով:
Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է: Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է:
Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ»:
Հայտարարության սկիզբը` այստեղ: