«Սաուդյան Արաբիայում գումարված «Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքարի» խորհրդաժողովի ընդունած հայտարարության տակ Թուրքիան հրաժարվել է դնել իր ստորագրությունը: Խորհրդաժողովը ներկայացրած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն, խորհրդակցելով Անկարայի հետ, չի ստորագրել խորհրդաժողովի հայտարարության տեքստի տակ: Թուրքիայի ներկայացրած փաստարկը Մոսուլում պահվող թուրք գերիների անվտանգության հարցն է: Թուրքիայի մասնակցության հարցը կոալիցիային հիմնական քննարկման թեման է լինելու ԱՄՆ պետքարտուղար Քերիի այսօր Թուրքիա կատարվող այցի ընթացքում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Լևոն Հովսեփյանը և մինչ այդ նա նաև տեղեկացրել էր, որ՝
«Նոր փաստեր են ի հայտ գալիս «Իսլամական պետության» զինյալների` Թուրքիայում բուժում ստանալու վերաբերյալ: Թուրքական «Թարաֆ» պարբերականը որոշ փաստեր է հրապարակել Ուրֆայի հիվանդանոցներում զինյալների բուժում անցնելու վերաբերյալ: Ռաքքայում իրականացված օդային գործողությունների հետևանքով վիրավորված ԻՇԻՊ-ի 8 զինյալներ փոխադրվել են Ուրֆա բուժում ստանալու: Դրանց մեջ է եղել նաև ԻՇԻՊ-ի առաջնորդ Բաղդադիի աջ թևը համարվող Ահմեթ Հ., որն զբաղեցրել է կառույցի անվտանգության պատասխանատուի պաշտոնը»:
Հիշեցնենք նաև, որ «Իսլամական պետություն» հռչակված ահաբեկչական այս խմբավորման գործողությունների պատճառով զոհվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում նաև երկու ամերիկացի լրագրող, որոնց դաժանաբար գլխատել են: