ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը՝ 2rd.am-ը զրուցել է նրա հետ:
Ստորչև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:
-Մեր կայքին Ամանորի նախօրեին տված Ձեր հարցազրույցը մինչ օրս էլ ներքաղաքական օրակարգի կենտրոնական թեման է մնում: Քաղաքական գործիչներից ու լրագրողներից շատերը հակված են գնահատել այն որպես մոտ ապագայում Ձեր՝ մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ: Բացի այդ, մամուլն ամեն օր գրում է վարչապետի հետ Ձեր բանավեճի շարունակության տարբերակների մասին, առավել ևս, որ անցած շաբաթ վարչապետը հանդես եկավ ծավալուն հոդվածով, ուր փորձեց արդարացնել իր արտահայտությունները այսպես կոչված “շինարարական փուչիկի” վերաբերյալ: Ի˚նչ կասեք այդ բացատրությունների կապակցությամբ: Եվ, արդյո˚ք Ձեր դեկտեմբերյան հարցազրույցը իրոք յուրահատուկ մի հայտ է՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար:
Նախ, գույնզգույն աղյուսակներով վերջին հոդվածի մասին: Ավելի լավ կլիներ վարչապետը լռեր: Եթե դու այդքան շատ հիփոթեք ունես՝ ինչո˚ւ այդքան քիչ է շինարարությունդ (բառափոխում եմ հայտնի ամերիկյան ասացվածքը): Եթե հավատանք թվերին, ապա հոդվածը հանգեցնում է մեկ եզրակացության. չնայած, որ հիփոթեքը կայուն աճ է արձանագրում, և դրա պայմանները բարելավվում են, միևնույն է՝ շինարարության ծավալները շարունակում են նվազել: Բայց դա ոչ միայն չի հերքում իմ հարցազրույցի հիմնական փաստարկները, այլև ամրապնդում է դրանք: Սակայն ես հակված չեմ հավատալ թվերին. դրանց մեջ խորամանկության մեծ չափաբաժին կա:
1. Աղյուսակներում դրված տվյալները հեռու են հիփոթեքի իրական ծավալներից և պայմաններից: Այդ թվերի զգալի բաժինը կազմում են անշարժ գույքի վերաձևակերպված ժամկետանց գրավային պարտավորությունները: Այսպիսի “թղթաբանական հիփոթեքը” որևէ ձևով չի խթանում իրական շինարարությունը: Բանկերի համար սա ժամանակավոր ելք է իրավիճակից, որն առաջացել է գրավադրվող անշարժ գույքի խնդրահարույց լիկվիդայնությունից: Դրան հնարավոր է ըմբռնումով մոտենալ՝ հանուն բանկային համակարգի կայունության:
Այստեղ հեգնանք կա ու ցինիզմ, որովետև այս երևույթից զգուշանալ է պետք (դա հիվանդ տնտեսության հատկանիշ է), այլ ոչ թե դրանով հպարտանալ:
2. Տարբեր տարիների ցուցանիշները կոռեկտ է համեմատել միայն համադրելի թվերով: Այսինքն, մեր դեպքում, անցած 6 տարիների կուտակային գնաճի (ավելի քան 37 տոկոս) և 2009թ. դրամի փոխարժեքի արժեզրկման (30 տոկոսից ավելի) հաշվարկով: “Տնտեսագիտական կատեգորիաներով” դատողություններ անող մարդը, հավանաբար, պետք է իմանա սրա մասին: Դա վերաբերում է ինչպես հիփոթեքային վարկերի ծավալին, այնպես էլ՝ կապիտալ ծախսերին:
3. Առաջին աղյուսակում մի հետաքրքիր բան կարելի է տեսնել: Պարզվում է, տնտեսության անկումը 2009թ. եղել է 18,5, այլ ոչ թե՝ 14,1 տոկոս, ինչպես պնդում էր մեր վիճակագրությունը: Եթե դա այդպես է, ապա անկման մակարդակով 2009թ. մենք աշխարհում զբաղեցրել էնք ոչ թե երկրորդ, այլ առաջին տեղը, ճիշտ է՝ վերջից: Շնորհավորում եմ վարչապետին: Ըստ նույն աղյուսակի, 2001-2007թթ. տնտեսության միջին տարեկան աճը ընդհանրապես առանց շինարարության կազմել է 8,6 տոկոս: Ցանկացած երկրի վարչապետ կարող է երազել դրա մասին:
Հիմա իմ հարցազրույցի շարժառիթների մասին:
Ես արտահայտվել եմ և արտահայտվելու եմ Հայաստանի ներկայի և ապագայի օրախնդիր հարցերի վերաբերյալ՝ անկախ մեծ քաղաքականություն վերադառնալու հանգամանքից: Ես չեմ կարող անտարբերությամբ նայել երկրում կուտակվող խնդիրներին և անկեղծ արտահայտում եմ իմ վերաբերմունքը դրանց: Գուցե երբեմն չափից դուրս շիտակ է ստացվում, բայց նաև մատչելի ու կարևորը՝ ազնիվ:
Բանավիճել որևէ մեկի հետ, առավել ևս վարչապետի, չեմ պատրաստվում: Նրա վերջին հոդվածը ցույց է տալիս, որ նա անհույս է: Անիմաստ է բանավիճել մեկի հետ, ով 6 տարի շարունակ արդարացնում է իր ձախողումները նախորդների գործողություններով:
Ցանկացած իշխանության գործունեության գնահատման գլխավոր ցուցանիշը շատ պարզ է. մարդկանց կյանքը այդ իշխանության օրոք լավացե˚լ է թե˚վատացել: Այստեղ ոչ մի հնարք չի օգնի: Իրենց կենսամակարդակի մասին մարդիկ ոչ աղյուսակներից են տեղեկանում, և ոչ էլ՝ նկարված վիճակագրությունից: