Վերջին շրջանում թե՛ մոսկվայաբնակ, թե՛ արտագնա աշխատանքի մեկնող, և թե՛ հենց Հայաստանում բնակվող հայ հասարակության մեջ նկատվում է մտավախություն, կապված ռուսական խոշոր ավիաընկերությունների կողմից դեպի Հայաստան չվերթների տոմսերի արժեքների 20-30 տոկոսով հնարավոր թանկացման հետ:

Արտագնա աշխատանքի մեկնած հայերը, ավանդույթի համաձայն ամանորը Հայաստանում նշել ցանկանալով՝ կկանգնեն որոշակի խնդիրների առաջ: Կառանձնացնենք դրանցից առավել կարևոր երկուսը:

Նույնիսկ այն դեպքում, երբ տոներին կա դեռևս 3 ամիս, արդեն իսկ դժվարացել է ցածր արժեքով տոմսեր ձեռք բերելու հավանականությունը: Սա անկասկած տրամաբանական է. ինչո՞ւ վաճառել հիմա էժան գնով, եթե շուտով հնարավոր կլինի ստանալ առավել մեծ եկամուտ:

Մյուս կարևոր դրույթը, որի վրա ազդեցություն կունենա իրադարձությունների նման զարգացումը, ՀՀ բյուջեի նվազող մուտքերն են: Մարդիկ, իրենց իսկ աշխատանքով վաստակած գումարը կծախսեն այլ երկրում: Տոմսերի գների թանկացման դեպքում յուրաքանչյուր մարդ կվճարի 20-30 տոկոս ավել գումար: Այսինքն, միջինում յուրաքանչյուր ընտանիքի մոտ կդիտարկվի 200-250 դոլարի արտահոսք: Եվ այս ամենը այն դեպքում, երբ ավել վճարված գումարը ուղղվելու է ոչ թե հայրենական, այլ օտարերկրյա ավիաընկերության քսակը: Ստացվում է հետևյալ անբարենպաստ իրավիճակը. այն գումարը, որ պետք է ծախսվեր Հայաստանի Հանրապետությունում այժմ կհոսի դեպի այլ երկիր՝ ջուր լցնելով ուրիշի ջրաղացին:

Իհարկե, առավել արդյունավետ կլիներ այս գումարը ծախսել Հայաստանում և որոշակի տնտեսական օգուտ բերել սեփական երկրին: Իսկ սա հնարավոր է ապահովել միայն հայկական ավիափոխադրող ունենալու դեպքում: Հայկական ավիափոխադրողի առկայությունը ոչ միայն արդարացի պահանջ է հասարկության կողմից, այլև ուղղակի անհրաժեշտություն: Իսկ անհրաժեշտություն է ոչ միայն Հայաստանի տարածաշրջանային դիրքից կախված, այլ նաև տնտեսական առումով: