«Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը՝ նոյեմբերի 5-ի գործով ձերբակալված, վստահ է, որ Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց ամբաստանյալը՝ նշելով, որ դրա ապացույցը Ադրբեջանին զենքի վաճառելն է:
«Միայն հայրենիքի դավաճանը կարող է Ռուսաստանի կողմից նման գործողությունը համարել միայն բիզնես՝ փորձելով հիմարացնել սեփական ժողովրդին: Իրականում Ռուսաստանը Ղարաբաղը հանձնելու գործարք է կնքել Ադրբեջանի հետ: Եվ եթե բիզնես կա, ապա վաճառվել է Ղարաբաղը»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ որպեսզի Ղարաբաղի վաճառքն Ադրբեջանին դիմադրության չհանդիպի հայ ժողովրդի կողմից, Ռուսաստանը ձեռնարկել է տոտալ միջոցառումներ. «Զրկել Հայաստանին միջազգային քաղաքական աջակցությունից։ Ռուսաստանն այս խնդիրը լուծեց, երբ սեպտեմբերի 3-ին արգելեց Եվրաասոցացման պայմանագիր ստորագրել։ Սրանով Հայաստանը զրկվեց միջազգային, հատկապես Արևմուտքի քաղաքական աջակցությունից, Ռուսաստանը դրանով խուսափեց ստանձնել որևէ քաղաքական պատասխանատվություն Հայաստանի, մասնավորապես՝ Ղարաբաղի համար: Փաստացի, Ռուսաստանը քաղաքականապես մեկուսացրեց ՀՀ-ին՝ զրկելով որևէ քաղաքական դաշնակցից»։
Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Ռուսաստանի երկրորդ խնդիրը Հայաստանը ռազմականապես թուլացնելն էր՝ միլիարդների հասնող զենքի վաճառքով Ադրբեջանի ռազմական գերակշռությունը Հայաստանի նկատմամբ ապահովելու միջոցով։