Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, թե իբր իր տեղեկություններով YerevanNews.am կայքը փակվելու եզրին է:
Հերիք չէ, օրաթերթը իր ոչ հավաստի տեղեկություններով գրել է մեր կայքի փակման մասին, հետն էլ հայտնել է, որ կայքը պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանին:
Հարկ ենք համարում անդրադառնալ օրաթերթի գրված հոդվածին և մեր գործընկերներին շտապենք տեղեկացնել, որ փառք Աստծո, մեր կայքը փակվելու եզրին չի գտնվում և այն չի պատկանում ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանին:
Նախ նշենք, որ թերթը իր «Թռիչքային ծրագրերով» անվանումով հոդվածում գրել է, թե մեր գրեթե բոլոր աշխատակիցներն աշխատանքից ազատվում են:
Հայտնում ենք, որ մեր աշխատակիցներից երկուսն ազատվել են աշխատանքից, քանի որ ինչպես բոլոր վայրերում, այնպես էլ մեր մոտ, նորմալ աշխատանքային գործընթացներ են տիրում՝ մեկն ազատվում է, մեկ ուրիշն ընդունվում:
Հետևաբար, 1-2 աշխատակիցների աշխատանքից ազատվելը դեռ չի նշանակում, որ լրատվական կայքը փակման եզրին է գտնվում: Ընդհակառակը, նոր ընդունվող աշխատակիցների միջոցով փորձելու ենք էլ ավելի ուժեղացնել խմբագրության կազմը:
Այն, որ մեր գործընկերները, «մտահոգ» են մեր կայքի ճակատագրով, հարկ ենք համարում շնորհակալություն հայտնել դրա համար, քանի որ երբեք էլ ավելորդ չենք համարում մեր մասին ևս մեկ անգամ հիշեցնելը:
Սակայն տեղին է այստեղ հիշեցնել մեր գործընկերներին, որ ցանկացած լուր հրապարակելուց առաջ այն պետք է ճշտել ճիշտ հասցեատիրոջից, այլ ոչ թե հիմնվել ոչ հավաստի տեղեկությունների վրա:
Կայքն ունի պատասխանատու, տնօրեն, ովքեր կարող էին օրաթերթի լրագրողին հուզող հարցերին տալ սպառիչ պատասխաններ:
Հայտնում ենք նաև, որ մեր կայքն իսկապես կարող է ունենալ ֆինանսական խնդիրներ, քանի որ այն ի տարբերություն մեր շատ գործընկեր-լրատվամիջոցների, չի ֆինանսավորվում միջազգային կառույցներից, իշխանության ներկայացուցիչներից, քաղաքական կուսակցություններից կամ որևէ օլիգարխից, հետևաբար մեր չնչին և համեստ ֆինանսական միջոցներով մենք այսօր որոշակի խնդիրներ հաղթահարելով շարժվում ենք առաջ:
«Թիթեռնիկ» օրաթերթին էլ խորհուրդ ենք տալիս պահպանել լրագրողական էթիկայի սահմաններն ու գործընկերների հանդեպ էլ մի փոքր բարի գտնվել:
YerevanNews.am կայքի խմբագրակազմը նախանձով և չարությամբ լցված չէ իր գործընկերների նկատմամբ և նրանց «անհաջողություններով» լրահոս չի ապահովում:
Ուստի, տեղեկացնում ենք, մենք չենք փակվում, աշխատում ենք և նոր թիմ ենք ձևավորում և ամենակարևորը պահպանում ենք լրագրողական էթիկայի ամեն մի տառն ու կետը և ներկայացնում ենք այն, ինչ մտահոգում է ՀՀ քաղաքացուն: