«Դավիթը շատ լավ տղա էր, լավ մարդ էր, լավ ընկեր էր, լավ երգում-նվագում էր, ամբողջ օրը հայրենասիրական երգեր էին երգում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված 20-ամյա Դավիթ Խորենի Ջալավյանի դասղեկը՝ Ալվարդ Բարսեղյանը:

«Ապրում էր ծնողների, իրենից մեծ եղբոր և տատիկի հետ, որը նաև ծնողական ժողովներին էր գալիս: Շատ լավ ընտանիք, շատ լավ մարդիկ, դաստիարակված երեխա: Դավիթն արմատներով Արցախից էր, դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր ռազմական ակադեմիա, 9 ամիս առաջ էր զորացրվել՝ հունվարին, շարունակում էր ուսումը ռազմական ակադեմիայում: Պատերազմի լուրն իմանալով՝ մեկնեց ճակատ և հենց առաջին օրից եղել է կռվի դաշտում: Եղբայրը որ իմացել էր՝ Դավիթը մեկնում է պատերազմի դաշտ, ինքն էլ հետևից էր գնացել, ճանապարհից հետ են բերել»,- պատմեց Դավիթի դասղեկը:

 Նրա խոսքով՝ Դավիթը պատմաիրավագիտական հոսքում էր և շատ լավ էր սովորում պատմություն, հայոց լեզու և անգլերեն առարկաները:

«Ինքը լավ էր սովորում և պատրաստվում էր զինվորական գործին նվիրվել, հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց Ալվարդ Բարսեղյանը:

Նրա փոխանցմամբ՝ Դավիթին հուղարկավորել են Երևանում՝ իրենց ընտանեկան գերեզմանատանը: