Մարդու իրավունքների սիրիական դիտարանի տվյալներով` հոկտեմբերի 10-ի դրությամբ Թուրքիայի կողմից մատակարարված 107 սիրիացի զինյալ է սպանվել Ադրբեջանում։

Ըստ դիտարանի` կան նաև բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։

Նշվում է, որ Ադրբեջան տեղափոխված վարձկանների թիվը հասնում է 1450-ի:

Հոկտեմբերի 3-ին դիտարանը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի սկզբից ի վեր Ադրբեջանի կողմից կռվող ընդհանուր 64 սիրիացի վարձկան է մահացել։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում և սոցցանցերում դրանք հաստատող բազմաթիվ վկայություններ և տեսանյութեր են հայտնվում։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։