E-draft.am իրավական ակտերի կայքում շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ՝ «Վարժական հավաքներ հայտարարելու մասին»։ Նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

Առաջարկվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով։


Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման եւ բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպա-ների պատրաստման նպատակով:

Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավվել մինչև 869 քաղաքացու, որոնցից 576-ը` շարքային կազմի, 107-ը` ենթասպայական կազմի, 186-ը` սպայական կազմի պահեստազորայիններ։

Վարժական հավաքներին կներգրավվեն զինվորական 10 մասնագիտություններով պահեստազորայիններ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, ինչպես նաև ՀՀ զինված ուժերում իրականացվում են բարեփոխումներ (կառուցվածքային փոփոխություններ), անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ և հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»: