Երկուշաբթի իսրայելցի զինվորականները հրետանային հարված են հասցրել լիբանանյան ենթակառուցվածքի օբյեկտին՝ ի պատասխան նույն օրն ավելի վաղ Լիբանանի տարածքից հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռի։ Այս մասին տեղեկացրել է բանակի մամուլի ծառայությունը։

«Երկուշաբթի գիշեր Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որն ընկել է Իսրայելի հյուսիսում գտնվող Մացուվա կուբիցի (գյուղատնտեսական ավան) մոտ գտնվող բնակելի տարածքում։ Ի պատասխան՝ Իսրայելի Պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցրել այն վայրի եւ Լիբանանի հարավային այն ենթակառուցվածքի ուղղությամբ, որտեղից արձակվել է հրթիռը»,- նշվել է հայտարարությունում։


Kan ռադիոն տեղեկացրել է, որ իսրայելական տարածքի հրետակոծության հետեւանքով տուժածների եւ հասցված վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ռադիոկայանի տվյալներով՝ Լիբանանից հրթիռն արձակել են պաղեստինամետ կազմակերպությունների արմատականները։

Կատարի Al Jazeera հեռուստակայանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ գրոհայինները Լիբանանի հարավում հրիթռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որը պայթել է բաց տարածքում եւ հրեական բնակավայրերին չի հասել։ Նշվել է, որ իսրայելցի զինվորականները գրանցել են հրթիռի արձակումը լիբանանյան տարածքից, բայց օդային տագնապի ազդանշան չեն միացրել։ Հեռուստակայանը տեղի ունեցածը կապել է Արեւելյան Երուսաղեմում եւ Հորդանանի Արեւմտյան ափին բռնության սրացման հետ։ 2021թ. մայիսին պաղեստինցիների Ռաշիդիա ճամբարի արմատական խմբավորումների գրոհայինները Տիրի մոտ բազմիցս հրետակոծել են Իսրայելի հյուսիսային շրջանները։

Լիբանանցի զինծառայողները եւ Լիբանանում ՄԱԿ-ի՝ սահմանին տեղակայված Ժամանակավոր ուժերի խաղաղապահները հայտնաբերել էին հրթիռային կայանքներ, որոնցից կրակ է բացվել, բայց չեն կարողացել բռնել հրադադարի ռեժիմը խախտողներին։