2022 թվականին Հայաստանի զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով։ Մարտի 15-ին՝ Ազգային ժողովում, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում, այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով «2022 թվականին ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» հաշվետվությունը (2021-2026թթ.):

Ձեռք են բերվել նաեւ հակատանկային զինատեսակներ, ՀՕՊ միջոցներ եւ դրանց արդիականացված համակարգերը։ «Պաշտպանության նախարարությունը ձեռք է բերել նաեւ թրթուրավոր եւ անիվներով ինժեներական սարքավորումներ, ականազերծման միջոցներ, քողարկող ցանցեր, կապի միջոցներ, ականանետեր, նռնականետեր, օպտիկական սարքեր, տարատեսակ զինամթերք, ինչպես նաեւ այլ տեսակի զենքեր եւ զինտեխնիկա»,- ասաց Պապիկյանը, իհարկե, չխորանալով մանրամասների մեջ։