Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո գումար։ Այս մասին գրել է «Հետք»-ը ՝ ներկայացնելով մանրամասներ նախարարի ներկայացրած հայտարարագրից:

«Նվիրատվության մասին Պապիկյանը նշել է իր եկամուտների և ունեցվածքի 2022 թ․-ի հայտարարագրում։

Գումարի տեսքով նվերները նախարարը ստացել է նույն տարում, երբ ամուսնացել է, երեխա ունեցել։ Ենթադրվում է, որ ընտանեկան իրադարձություններն են նվերների առիթ դարձել։

Սուրեն Պապիկյանի հայտարարագրում նշում կա շուկայականից անհամեմատ էժան գնով Երևանի կենտրոնում գնած բնակարանի գործարքի մասին, որն իրականացվել է 2022 թ․-ին։ «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու նպատակով Սուրեն Պապիկյանը «Հայէկոնոմբանկ»-ից 65 միլիոն դրամ վարկ է վերցրել։ Իսկ կառուցապատող ընկերությանը վճարել է 10 միլիոն դրամ ավել՝ 75 միլիոն 570 հազար դրամ։

«Հետք»-ն ամիսներ առաջ պարզել էր, որ նորակառույց շենքում գտնվող բնակարանը 165 քառակուսի մետր է, իսկ գործարքի գինը 69 միլիոն դրամ է։ Այս տվյալները ո՛չ կառուցապատողն էր հերքել, ո՛չ գնորդը։ Մինչդեռ Սուրեն Պապիկյանի հայտարարագրի տվյալներից նոր հարցեր են առաջացնում։ Ինչո՞ւ է նախարարը պայմանագրով ֆիքսված 69 միլիոն դրամի փոխարեն կառուցապատողին վճարել 75.5 միլիոն դրամ։

Այս հայտարարագիրը չի տալիս նաև հիմնական հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ է նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերությունը Սուրեն Պապիկյանին շուկայականից անհամեմատ էժան գնով բնակարան վաճառել։ Ո՞րն է ընկերության շահը, ի՞նչ կապ կա Աշոտ Արսենյանի որդու բանակից ազատվելու քրեական գործի կարճման, նույն որդուն Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնը տալու և Սուրեն Պապիկյանին էժան գնով բնակարան հատկացնելու փաստերի միջև։

Վերադառնալով նախարարի հայտարարագրին՝ նշենք, որ 2022 թ․-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ բանկային հաշիվներում Սուրեն Պապիկյանն ունեցել է 17․500 դոլար, 10.254 եվրո և 11 միլիոն դրամ։ Նախարարի կանխիկ դրամական միջոցները կազմել են 21.000 դոլար, 10.000 եվրո և 4.5 միլիոն դրամ։

Նախորդ տարի, որպես եկամուտ, Պաշտպանության նախարարը ստացել է 21 միլիոն դրամ աշխատավարձ, 3.6 միլիոն դրամ՝ վարձակալության տված գույքից վարձավճար։ Պապիկյանը երկու հիփոթեքային վարկ ունի, որոնցից մեծը` 65 միլիոն դրամը, «Հայէկոնոմբանկ»-ից է վերցրել, իսկ 12 միլիոնը՝ «Կոնվերսբանկ»-ից։ Առաջին վարկով ձեռք է բերել «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքը, իսկ մյուս վարկով «Երազ» բնակելի համալիրում՝ բնակարան։

Նախորդ տարի Սուրեն Պապիկյանը, ըստ հայտարարագրի, 90 օրից ավել բնակվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող առանձնատանը։ Ենթադրվում է, որ նախարարն ընտանիքի հետ բնակվել/բնակվում է Կոնդի ամառանոցում, որը բարձրաստիճան պաշտոնյաների կեցավայրն է։

Սուրեն Պապիկյանը Լոռու մարզի Լոռի Բերդ բնակավայրում 2003 թ․-ից ունի 3 հողամաս, 2019 թ․-ից՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 1 բնակարան, 2022 թ․-ից՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում կառուցվող շենքում բնակարան ձեռք բերելու իրավունք։

Նախարարի կինը՝ Արմինե Մուրադյանը, նախորդ տարի Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից ստացել է 7.6 միլիոն դրամ եկամուտ, իսկ վարձակալության տված տարածքից՝ 1.8 միլիոն դրամ։

Ի դեպ, 2018 թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողով Ս․ Պապիկյանի ներկայացրած հայտարարագրի բովանդակությունը համեստ է (նա նոր էր ստանձնել ՏԿԵԶ նախարարի պաշտոնը)։ Սուրեն Պապիկյանն այդ ժամանակ ուներ Լոռու մարզում 1.2 հա մակերեսով հողամաս, 2005 թ․-ի արտադրության Nissan Teana ավտոմեքենա, 1000 դոլար և 2.5 միլիոն դրամ։