Իսրայելը մեծ թվով երկրների թույլ է տվել գնել իր պաշտպանական արտադրանքը՝ Եվրոպայում եւ ՆԱՏՕ-ում ծախսերի աճի եւ Ուկրաինայում պատերազմի ֆոնին, իսկ տարածաշրջանային համաձայնագրերը ԱՄՆ միջնորդությամբ հանգեցրել են գործարքների թվի ավելացման, գրել է Bloomberg-ը։

Պաշտպանության նախարարության տվյալներով՝ մոտ 61 երկիր իսրայելական արտադրության սպառազինություններ եւ զինամթերքներ գնելու թույլտվություն է ստացել (2020թ. այդ երկրների թիվը 42 էր)։ 56 միավոր դրոնների ձեռքբերման թույլտվություն է տրվել երկու տարի առաջվա 40-ի դիմաց։

Թվերը, որոնք ներկայացվել են ի պատասխան իրավաբան եւ իրավապաշտպան Էյթայ Մակի հարցման, ցույց են տալիս, որ 17 երկիր խորհրդատվություն ստանալու եւ ուսուցանվելու թույլտվություն է ստացել 2020թ. երկուսի դիմաց։ Հետախուզական եւ կիբեռհամակարգերի գնման թիվը 83 է՝ 2020թ. 67-ի դիմաց։

Իսրայելի պաշտպանության նախարարությունը չի նշել, թե որ երկրներին է թույլատրվել սպառազինություն գնել։

Անցած շաբաթ Գերմանիան եւ Իսրայելը պաշտպանական արտադրանքի արտահանման ամենամեծ գործարքը կնքեցին. Բեռլինը պարտավորվել է ձեռք բերել մոտ 4 մլրդ դոլարի Arrow 3 ՀՕՊ համակարգեր։

Իսրայելը տարածաշրջանում միակ երկիրը չէ, որի պաշտպանական արտադրանքի վաճառքը վերջին ժամանակներս ավելացել է։ Դրոնների գծով թուրքական արտահանումը եւս անշեղորեն ավելանում է, ինչը նրան ավելի մեծ քաղաքական ազդեցություն է տալիս Մերձավոր Արեւելքում եւ նրա սահմաններից դուրս։

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի գնահատականներով՝ 2018-2022թթ. Իսրայելը մտել է աշխարհում զենքի ամենամեծ արտահանողների տասնյակի մեջ։