Գազայի խաղաղ բնակիչների սպանությունները դպրոցներում եւ զանգվածային տարհանումը Ալ-Շիֆա հիվանդանոցից գործողություններ են, որոնք հակասում են քաղաքացիական անձանց տարրական պաշտպանությանը՝ միջազգային իրավունքներին համապատասխան։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը։

Թյուրքը վերջին երկու օրերի իրադարձություններն անվանել է ահավոր՝ հայտարարելով, որ դրանց անհնար է հավատալ։ Նա նշել է, որ հարյուրավոր մարդիկ հեռացել են Ալ-Շիֆա հիվանդանոցից դեպի հարավ՝ ասելով, որ Գազայում անվտանգ տեղ չկա։ ՑԱԽԱԼ-ը Խան-Յունիսում թռուցիկներ է նետել, որոնք բնակիչներին չնշված ապաստարաններ գնալու կոչ են պարունակել։

Թյուրքը կրկին անհապաղ հրադադարի կոչ է արել։ «Ցավը, սարսափը եւ վախը երեխաների, կանանց եւ տղամարդկանց դեմքերին անհնար է տանել»,- ասել է նա։ «Դեռ որքան բռնություն, արյունահեղություն եւ տառապանք է պետք, մինչեւ որ մարդիկ ուշքի գան։ Դեռ որքան խաղաղ բնակիչներ են սպանվելու։ Սա պետք է դադարեցվի»։