Երեքշաբթի առավոտյան Լեհաստանն ակտիվացրել է իր ավիացիան Ուկրաինայում ՌԴ զանգվածային հրթիռային գրոհի ֆոնին։ Այս մասին տեղեկացրել է Լեհաստանի Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։

Տեղեկությունում նշվել է, որ ակտիվացվել են «բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ լեհական օդային տարածքի անվտանգության ապահովման համար», իսկ իրավիճակը մշտապես մշտադիտարկվել է։

Հրամանատարությունը նախազգուշացրել է լեհական ավիացիայի եւ դաշնակիցների ինքնաթիռների ակտիվացման մասին, ինչի պատճառով կարող էր աղմուկի մակարդակի բարձրացում նկատվել, հատկապես երկրի հարավարեւելյան շրջանում։

Հունվարի 23-ի առավոտյան Օդային ուժերը տեղեկացրել են ռուսական ռմբակոծիչներից թեւավոր հրթիռների արձակման մասին։

Գրոհի են ենթարկվել Կիեւը, Խարկովը, Պավլոգրադը, Շոստկան եւ Ուկրաինայի այլ բնակավայրեր։