Մեկնաբանելով ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը նշել է, որ Միացյալ Նահանգները կենտրոնացած է օգնության փոխանցման վրա, որը թույլ է տալիս Ուկրաինային պաշտպանել իրեն։ Այս մասին ճեպազրույցում ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը։

ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին հարցրել են, թե արդյոք գերատեսչությունը խոսել է ուկրաինական կողմի հետ ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումների վերաբերյալ և արդյոք Պենտագոնն աջակցում է դրանց։

Ի պատասխան՝ Ռայդերն ասել է, որ Վաշինգտոնի կողմից Կիևին տրամադրվող օգնությունը նպատակ ունի հնարավորություն տալ Ուկրաինային պաշտպանել իրեն և վերականգնել իր ինքնիշխան տարածքը։

«Մենք որևէ օգնություն չենք տրամադրում այս սահմաններից դուրս (դրա) օգտագործման համար: Ես խորհուրդ կտայի կապ հաստատել Ուկրաինայի հետ՝ խոսելու նրանց գործողությունների մասին»,- ասել է նա:

ՆԱՏՕ-ն պնդում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման ենթակառուցվածքի վրա շոշափելի ազդեցություն են ունեցել վառելիքի շուկայի վրա և լրացուցիչ ֆինանսական ծախսեր են առաջացրել: